Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներկերը չեն խոսիր քեզի, այլ կը ձգեն, որ իրենց ետև ծածկված խոսքը դեպի դուրս մղվի իրենցմով երփնված։ Ներաշխարհներու ժպիտն է այս, աղաղակի փոխված Սիամանթոյի նման հզոր գրչի մը տակ։ Ու քերթողը խորհրդապաշտ է ու միստիք։ Իբրև խորհրդապաշտ կընթանա Անրի տը Ռենիեի, Մորիս Մեթերլինկի և Վերհառնի ճամբով։ Այս վերջինին հետ այն սերտ աղերսը ունի, որ երկուքին ալ խորհրդապաշտությունը (symbolisme) ծագում առած է վիպական դպրոցեն՝ romantisme-են։ Հյուկոյի սանձակոտոր, գունագեղ և ոգեկոչող արվեստեն շատ բան կա իրենց մեջ։

Իբրև միստիք, Սիամանթո գրեց Հեղափոխության Նարեկը և Հովհաննու Հայտնությունը։ Հոգևորականները բազմագոչ ծովուն և լերան փոթորիկներուն մեջեն ընդնշմարել կարծեցին Եհովային լուսահեղ դեմքը, մեր քերթողը գրեթե նույնը ըրավ։ Արյան ծփանքներուն և հրդեհվող ցորյաններուն մեջեն հետապնդեց Հաղթանակին լուսավոր իրանը։ Տարրերությունը շրջանի և հավատալիքի տարբերությունն է։ Արվեստը և հանգամանքները նույնն են, որ է ընդառաջ երթալ մեծ ու բաղձացված Կարելիին, մերթ արշավելով և մերթ ոգեկոչելով։ Իրապաշտ արվեստը աշխարհակալությունն է Ստույգին, իսկ խորհրդապաշտը՝ հրավերքն է Կարելիին։ Յարճանյան անխոնջ հրավիրեց զայն և հրավիրեց ամպրոպային շեփորով։

Յարճանյանի լեզուն գրաբարեն սերած Փոքր Հայքի լեզուն է, իսկական աշխարհաբարը, զոր թրքահայ գրագետներուն մեծամասնությունը կը կիրարկե։ Վերջերս եղան մտավորականներ, որ այդ լեզվի ճակտին մեկ քանի մեղադրանք փակցուցին՝ բոլորովին հախուռն ու անարդար կերպով։ Նախ զայն անվանեցին Պոլսո հայերեն. սխա՛լ։ Պոլսո հայերենը, ճիշտ է, կը գործածեն «Կիկոն» և «Կավռոշը» և անոր գրականացած ու զտված ձևը կը գրե Թեոդիկ, բայց այն աշխարհաբարը, որ կարտահոսի տիկ․ Զապել Եսայանի, Ռուբեն կարդարյանի, Արտ. Հարությունյանի, Նոր Մխիթարյաններուն և մյուս թրքահայ գրագետներուն գրիչեն հեռի է պոլսահայերեն ըլլալե․ ան Եփրատեն Ալիս և Ալիսեն մինչև Վոսփոր տարածվող հայության մը բարբառն է գրաբարի արմատներեն ընձյուղած։ Երկրորդ մեղադրանքը