Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

24. ՀՈԻՍԿ ԲԱՆՔ

Ազնի՛վ հանդիսականներ,

Ամառ է և հունձքի եղանակ․ դուք կուզեք գաղափար մը կազմել մեր մշակած արտերուն վրա։ Այդ ձեր իրավունքն է։ Մենք երկու տեսակ արտ ունինք՝ այն, որ հասունցած է և այս տարի կը հնձենք, և ա՜յն, որ դեռ կանանչ է և ի լինելո: Այս վերջինը կը կազմեն մեր բոլոր սա աշակերտները, զվարթ և աշխույժ պատանյակները, զոր դուք կարմիր ու ոսկետառ մատյաններով վարձատրեցիք՝ յուրաքանչյուրը իր արժանիքին համեմատ։ Այժմ կարմիր-կարմիր մրցանակներով երփնված են այդ մատաղ աշակերտները։ Դուք այդ կանանչ արտը բոսոր կակաչներով պճնեցիք՝ տալով անոնց հրավառ արշալույսի մը երևույթը՝ չի Հույսով և ապագայի Խոստումով։

Ընդունեցեք մեր շնորհակալությունը։

Մյուս հնձված արտը սա հինգ երիտասարդներն են, մեր այս տարվան շրջանավարտները։ Այդ հասկաթուռ երախայրիքը կընծայենք Կյանքին ու Ազգին։ Բայց սնոտի պարծանքը չունինք ըսելու, թե բոլորովին մեր արդյունքը կը կազմեն անոնք. երբե՜ք։

Մեր միամյա պաշտոնավարությունը յոթը տարվան գործ չէր կրնար տեսնել։ Մենք նմանեցանք այն ժամագործին, որուն արվեստին ու խնամքին կը հանձնեն արդեն իր անիվներովը, սլաքներովը ու զսպանակներովը բոլորովին շինված ժամացույց մը՝ ժամացույց մը որ հակառակ այս բոլորին՝ կը կաղա իր ճշտապահությանը մեջ, տասը վայրկյան, քառորդ մը, կես ժամ ետ կը մնա, կը խաբե գործածողը։ Մենք առինք այդ գործիքը, ուսումնասիրեցինք, աշխատեցանք անոր վրա, ու բաղդատմամբ ավելի խոշոր այդ մեքենաներուն ավելցուցինք փոքրիկ անվակ մը, փոքրի՜կ, բայց կարևոր, ժամացույցը ճշտապահ և գործածելի ընելու համար։ Ու հետո ավելցուցինք ոսկի