Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նույն կռվանին վրա հաստատեցեք ձեր գոյությունը՝ ձեր ճիգերուն հետ. և պիտի տեսներ, որ հաջողապես գործածած պիտի ըլլաք նաև այն երրորդ ոսկեղեն բանալին, զոր հանուն Հաղթանակին տրվեցավ ձեզի։

Ուսումնարանին այս երեք ավանդներովը կը մեկնիք ուրեմն։ Մի մոռնաք այս Հաստատությունը, որ սահմանված է կատարելու մեծ ու փրկարար գործ մը՝ մասնավորապես այն Հասարակության մեջ, որ բաղդատմամբ մյուսներուն՝ ավելի շատ պետք ունի տոհմային դաստիարակության ու զոհաբերող նկարագրի։

Հույսով ու հավատքով լեցուն, գոտեպնդված խրախույսով՝ ահա ճամփա կը դնենք զձեզ։ Հիշեցե՛ք սպարտացի մոր պատվերը։ Եվ երբ օր մը երկարամյա կյանքի պայքարեն վերջ վերադառնաք ու այցելեր այս Ուսման Վառարանը, որուն շուրջ ձեր պատանեկան օրերն անցուցիք, ձեր ճակատներեն ցոլացող ճառագայթը անեղծ ու մաքուր մնացած ըլլա նման այն ճառագայթին, որ ցոլքն է այս Հաստատության ձեղունեն կախված Լուսավորչի ավանդական կանթեղին։