Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

25. <ԱԼԻՇԱՆ ԵՎ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ>

Հարգելի ընկերներ,

Միություններ, միաբանություններ, կուսակցություններ և նույնիսկ ազգեր ունին իրենց ուրույն կյանքը, ավանդությունները և սկզբունքները, որոնց համեմատ կը ճշտվի իրենց ուղղությունը և ծնունդ կառնե իրենց գործը, բո՜ւն նպատակը։ Այս իրենց կենսունակությունն է։ Բայց որպեսզի անոնց միությունը տևական դառնա և շոշափական ամբողջություն մը ստանա անոնը կյանքտ՝ պետք ունին Հոգիի մը, Տաղանդի մը, որ իրենց պատկանած խմբակցության ամբողջ իտեալները իր անձին մեջ խտացնե և մարմնացումն ըլլա այդ բոլորին։ Անգամ մը որ խմբակցություն մը կրցավ ծնանիլ այդ Մարդը՝ այլևս փրկած կրնա համարիլ իր գոյությունը և տևականությունը։ Տարիներ ու դարեր այդ Մարդուն շուրջ կը հավաքվին բոլոր հետևորդ ուժերը, բոլոր հոգիները ու անոր հիշատակեն կը քաղեն իրենց առաքինությունը։

Այդպես Մարդեր եղան Ալիշան՝ Վենետիկի Մխիթարյաններուն համար և Մկրտիչ Պեշիկթաշլյան՝ Մուրատ—Ռափայելյան սաներուն համար։

Ալիշանի ոգիին մեջ ամբողջ Մխիթարյան առաքելությունը կը տեսնեմ։ Նույնիսկ ինչ որ Մխիթարի՝ իրենց հանճարային հիմնադրին մեջ դեռ տարտամ ու անկատար, դեռ ներշնչումի և ձկտումի վիճակին մեջ էր, եկած խտացած ու ի դործ փոխված է Ալիշանի մեջ. ու ան եղած է հնոցը, ուր երկդարյան միաբանության մը բոլոր ներշնչումներն ու բաղձանքները, բոլոր իտեալներն ու ներզորությունը՝ լեցված, լեցված ու աստվածային շունչի մը տակ եփած ու եռեփված է, ի հայտ բերելով ոսկեղեն կենսունակություն մը, Մխիթարյան Առաքելության թանկագին հուշարձանը։