Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատ. — Օգտակար է նաև նույն նյութը շոշափող երկու գրություններ իրարու հետ բաղդատել:

Ջանալ լավագույն գրվածքի մը նմանիլ. վասնզի նմանիլ գիտնալը՝ այլևս չնմանիլ կը սորվեցնե։

Օգտակար է նույնպես փոխադարձությունը. ոտանավորը արձակի վերածելը և փոխադարձ։ Այս աշխատությունը ցույց պիտի տա, թե ինչպես կարգ մը բանաստեղծներ — Ղազարոս Աղայանք օրինակի համար — շատ պարզ, սովորական բառերով սքանչելի ոտանավորներ գրեր են։


Գ դաս

Ոճը

Հարց. — Ի՞նչ է ոճը։

Պատ. — Մտածում մը գրվածքի կամ խոսքի միջոցավ անձնահատուկ կերպով արտահայտելուն ոճ կըսվի։

Գրագետը գրությամբ կարտահայտե, իսկ հռետորը՝ խոսքով.

Ոճը տաղանդին անձնական դրոշմն է, ան որքան ինքնուրույն ըլլա՝ տաղանդը այնքան ավելի ինքնուրույն է։

Պետք Է լավ դիտել, որ շատ անգամ ըսված խոսքը մեր ուշադրությունը չի գրավեր կամ մեր վրա չի ազդեր՝ որքան ըսելու եղանակը։

Գրեթե մենք բոլորնիս նույն բանը կը մտածենք, բայց տարբերությունը արտահայտվելուն, ոճին մեջ է։

Ոճը կը բարձրացնե՝ ինչ որ հասարակ Է, կը գեղեցկացնե՝ ինչ որ տափակ է և կը մեծցնե ու կը զորացնե՝ ինչ որ պարզ և ակար է։

Աղեկ գրել կը նշանակե միևնույն անգամ աղեկ խորհիլ, աղեկ զգալ և աղեկ արտահայտել։

«Գրություն մը ապրեցնողը ոճն է» — ըսած Է Շաթոպրիան։

Հարց. — Ի՞նչ բանի մեջ կը կայանա ոճը։

Պատ. — Ոճը կը կայանա շարադասության, դարձվածքներու, շեշտի, բացատրություններու, պատկերներու և բառերու մշտաբուխ ստեղծագործության մը մեջ։