Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

27. «ՍՈԻՐԲ ՄԵՍՐՈՊ» ՍԻԱՄԱՆԹՈՅԻ

Տառերու գյուտին առթիվ գրված պրակ մը, որ պիտի կարծվեր Նարեկի մատյանեն փրթած, նոր գրականութեան ցոլքերով վերանորոգված և ինկած մեր սիրտերուն վրա՝ խանդավառության այս օրերուն մեջ։ Մեկ շունչով երգված կը թվի ան, քիչ մը աճապարանք կա իր կշռույթին մեջ։ Սիամանթո վերադիրներու գրիչ մըն է, ինչպես իր վարպետը՝ Նարեկացին․ և այս քերթվածին մեջ իր այդ տաղանդը իր ցայտքին գագաթնակետն հասած է։ Վերադիրներուն մեկ մասը միջին դարու միստիքականները մաշած են արդնն, բայց կա մեծագույն մաս մը, որ գյուտերու շարք մըն է։ Սիամանթոն վրեժի մարտագոռ շեփորողը և տառապանքի խելահեղ բանդագուշողը չէ՝ անոր մեջ․ մեզի կապացուցանե, թե գիտե նաև աստվածարանի մը պես աղոթել Սուրբ Մեսրոպին հետ։ «Տեսիլ<ք>ը» զարմանահրաշ լույսերու մեջ հանկարծադեպ պակուցում մը չէ, այլ ներշնչումի մը հանդարտ և տրամաբանական հայտնությունը։

Սիամանթո իր այս քերթվածին մեջ տվավ իրեն համար նոր ձև մը քերթելու, որ իր մյուս երկերուն մեջ հազիվ կուրվագծվեր, այս՝ զինքը Նարեկացիին հետ կապող թելն էր, զոր ամրակուռ շղթայի մը վերածեր։ Պիտի շարունակռ՞ այս ձևը․ չե՛նք գիտեր․ միայն մեր սրտին մեջ իր «Հայրենի հրավերներուն» արձագանքը կը համառի դեռ տեղի չտալ իր քնարին այս նոր իմացական հունչին առջև։