Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

21. ՍՈԻՔԻԱՍ ԷՓՐԻԿՅԱՆԻՆ

<2 փետրվար>, 1906, Կանտ

Վերապատվելի Հայր էփրիկյան,

Շատոնց է ընդունած եմ Ձեր նամակը։

Ատած պիտի ըլլամ, եթե ըսեմ, թե երկտող փոխարենի մը մինչև հիմա ժամանակ չունեցա․ ուշ կը պատասխանեմ, վասնզի ինծի դժվար կուգա անոր արժանի պատասխան մը գրելը։

Կըսեք, թե «Սարսուռներուն» մեկ մասը առանձին տպած եք և այս ամիս ինծի պիտի ղրկեք 500 օրինակեն 300-ը և հոդ Ձեր հաշվույն պիտի ծախեք մնացած 200 օրինակը իբր թուղթի և աշխատության ծախք։ Հետո լավելցնեք, թե այս եղածը պարզ շնորհք մըն է, որ միայն ինծի կընեք։

Իրա՞վ...

Շնո՞րհք մը։ «Գեղունիի» մեջ քերթվածները ձրի կը տպեք, որ մասամբ մը Ձեզ շահ է, ինծի՝ վնաս, տպագրության նյութեղեն պայմանները. (թուղթի, գրի տեսակ և այլն) կը տրամադրվին լիուլի քմահաճույքով․ հատորի տեղ մեջտեղ կը հանեք ճռզած պռոշյուր մը և, ի լրումն աղետից, վար կը դնեք անոր 200 օրինակը և Ձեր ամեն մեկ տողին մեջ ալ դե՜ռ կը հեղեղեր, թե եղածը պարզ շնորհք մըն է։

Շնո՞րհք մը։

Այս բառը, ներեցեք, Վերապատվելի, հակառակ իմ այնքան բնական հանդարտությանս, բոլոր ոսկրներս վերիվար կընե ու կը մղե զիս այս տողերուս մեջ հեղուլ այնպիսի մոլեգնախառն ծիծաղ մը, որ հոգ, այդ անիծյալ «Սարսուռները» տպող մեքենաները կը կասեին:

Շնո՞րհք մը։

Այո՛, շնորհք մը, բայց ոչ այդ Ձեր գործադրած պայմաններով։ Երբ մանրամասն կը մտածեմ, կը տեսնամ, որ ընդհակառակը ես եմ այդ շնորհքն ընողը, որուն պատիվը այնքան անիրավաբար կուզվի ինձմե հափշտակել։