Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որոշեցեք և շուտ ղրկեցեք արկղը ճեպընթացով․ փորձով գիտեմ, թե կարծածին չափ սուղ չըլլար։ Ղրկեցեք ուղարկումի հաշիվը։

Եթե ինծի գրելու առիթ ունենաք՝ կը խնդրվի ըսել, թե քանիի՞ կը ծախվի «Գեղունին»։

Մնամ սերդ
<Դ. Վարուժան>


28. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

<15—20 փետրվար, 1906, Կանտ>

Սիրելի մեծ Հայր,

Ձեր քարտը (դրամին հետ) ժամանակին ստացած եմ, որ միասին հորս նամակին ամբողջ ամիս մը սրտիս հմայքը կազմեցին։

Կը ներեք նամակիս ուշանալուն․ Գրիգորը արդնն Ձեզի դրած ըլլալուն՝ այնքան հոգ չըրի շատ։

Այս օրերուս մեջ քիչ մըն ալ շատ զբաղված էի՝ բացի դասերես հրատարակության խնդիրներով․ բայց ահա 4—5 օր արձակուրդ ունինք, և ես քիչ մը ազատ եմ դուրսե դուրս բահերով զբաղվելու։

«Սարսուռներուս տպագրությունը վերջապես լրացավ։ Տպագրության վերատեսուչը ամբողջ օրինակները ուղարկեց ինձ՝ պայման դնելով, որ 60 ֆրանք վճարեմ. ես խնդրեցի իրմե, որ սպասե մինչև որ 60 օրինակ ծախվի, որպեսզի կարող ըլլամ հատուցանելով։

Համաձայն է։

Այս օրերուս մեջ քանի մը հատ արդեն վարժարան կը ղրկեմ. անոնք այդ սիրելի հարկին տակ ավելի զվարթ թռիչ պիտի բանան, քանի որ հոդ ծնան և հոդ մեծցան դիր առ դիր և շեշտ առ շեշտ։ Բայց այդ չնչին հատորը կիսկատար եղավ, ահա բոլոր ցավս։