Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն սիրալիր և բարերար կենակցությունը՝ պիտի կրնայի այսպես դյուրավ մատնել ժամանակի թևերուն։

Արդ՝ ժամն է, այլևս հիշատակներու վերակոչումով բավական հասուն և բոցավառ, և ես, ինչպես թե դեմդիմաց՝ զՁեզ կողջունեմ, նախ իբրև սիրելի բարեկամ և հետո կը համբուրեմ Ձեր սուրբ աջը՝ իբրև հոր մը, որ չզլացավ ձեռքեն եկածը բնելու ապագայիս բարելավությանը համար...։

Ես, եթե ոչ բոլորովին, մասամբ կանգիտանամ, թե ի՜նչ մրրիկ հուզեց ձեր վիճակը. ինչո՞ւ թողուցիք պաշտոնը և մանավանդ ինչո՞ւ կը բնակիք Բատուա, ի՜նչ նպատակով։ Եթե բան մը կրնամ ընել այն է, մաղթել (այս բառը Ձեզ համար իբր ֆորմյուլ չեմ գործածեր), մաղթել ավելի երջանիկ օրեր և ավելի հաղթական Ձեր սկզբունքներուն մեջ, որոնց դեմ դժբախտաբար եղջյուր ցցողներ չեն պակսիր։

Գալով իմ կացությանս, որչափ որ կարենամ համառոտ կը բացատրեմ Ձեզ գիտնալով, որ այսօր կը հետաքրքրվիք զայն գիտնալու, քանի որ օր մը անոր բարելավությանը համար մտածեցիք։

Հիմա գուցե զարմանաք, երբ ըսեմ, թե Կան<տ> կը գտնվիմ, մինչդեռ միասին համախոհ էինք Լոզան երթալուս վրա։

Մեծավորը այսպես ուզեց՝ Կանտը ա՞լ ավելի կաթոլիկ գտնելով, (բայց այդ ինծի հարցուցեք)․ և ես չընդդիմացա բոլորովին այն փափուկ ժամանակներուն՝ տեղի չտալու համար դժկամություններու, որոնց մեջ երազներուս գայթումը կարծես կկոցված բիբերով կը սաստեր կամշոտությունս։

Արդ՝ հոս հանգիստ եմ, կը հաճախեմ գրականության և իմաստասիրական ճյուղերուն և կը գտնեմ զարգացման գրեթն ամեն պայման։ Վարժապետներս կը համակրին զիս՝ կարծեմ հայ ըլլալուս պատճառավ։ Քաղաքիս կյանքը բավական սուղ է, բայց Մեծավորը իր ուղարկումներուն մեջ գոհացուցիչ կը հանդիսանա։ Եթե մեծ վիշտ մունիմ՝ հոս հայություն չըլլալն է։ Այս մասին մտասուզումի մեջ եմ, եկող տարի ապահով եմ, որ ճար մը պիտի գտնամ։