Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միթե ինչո՞ւ դու զրկված պիտի մնաս հեղելու երկինքն ու երկիր։ Ո՜հ, չէ։ Քայլերեդ գեթ մեկ հատն ըլլա՝ դարձուր այդ ճամբեն, որ քեզ հերկի երկիրները կը տանի և կը ձգե կյանքի հրեշային թափառումին մեջ։ Դարձիր, հո՛ն, դեպի դպրոց․ մայրենի ստինքեն վերջ՝ մարդկային զարգացման ստինքն է ան․ ծծե, ծծե ատկե, որ կազդուրվիս. ծծե, որ երակներեդ նախապաշարումի նախկին արյունը մաքրվի։ Այն ատեն պիտի իմանաս մտքիդ ազատ թոիչը՝ որ վանդակեն կ՝ազատի, և շճացած զգացումներուդ շեղումը, որ թումբերը կը պատռե․ սիրույդ պիտի ցուցնես ուղիղ ճամբան, որ մինչև երկնային մաքրությունը պիտի հասնի, և այն ակոսներուն մեջ, զոր դաշտը հայրդ կը փորե, պիտի քրքրես ծերունի երկրին անցյալը և իր ճակատագիրը, և վերջապես այն ատեն աղոթքիդ մեջ սրբազան եղբայրություն մը պիտի թրթռա և խորհուրդներուդ մեջ անվախճան արշալույսներ պիտի բացվին. այնքա՜ն շող պիտի ունենաս, որ մինչև ծնողքիդ մթագնած ճակտին խորշոմներուն պիտի ցոլա, և անոնք ա՛լ պետք պիտի չունենան աղաղակելու․ Լո՜ւյս կուզենք․․․։


Բ

Գիտե՞ս, սիրուն պատանյակ, գիտե՞ս թե ի՜նչ Է դպրոցը, կամ գյուղիդ դպրոցը, որ քու հայրերուդ սթափանքին ծաղիկն եղավ, զոր անոնք արյունելով տնկեցին և քրտնելով կոռոգին։

Ո՜հ, դպրո՜ցը, այդ լուծողը մարդիկներու և իրերու գաղտնիքին և անոնց ամլության հանգույցին։ Ո՛հ, դպրոցը, գանկը՝ ժայռին դեմ հանեց անիկա, և հնարքը՝ համառ կարծրության, աստղերուն սանդուղ մը դրավ և ուրիշ մըն ալ, վա՜ր, անդանդներուն։ Հին աշխարհը՝ Նոր աշխարհին հետ կապի և օվկիանոսին ու մթնոլորտին իշխել սորվեցուց մարդուն, ինչպես արծիվը լեռներու բարձունքին վրա։ Ո՜հ, դպրոցը, անիկա սուրին տեղ օրենքը տվավ և գլխատման բեմին դեմ բացավ սիրտ մը, սիրտ մը՝ լայն, խոր և զգայո՜ւն: