Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր կոթունին վրա դեռ չոր է և դեղին։ Ո՞ր դիտող աչքը պիտի չնկատի, որ այդ կույտը՝ մերթ կանաչ ճյուղով մը բեռնավոր, հեռվեն ալիքներուն վրա անդաստական կուգա անորոշ զանգվածի մը պես, երբեմն թեթևութենեն, առանց ամբողջովին ընկղմելու ջուրին հատակը ծփանքներուն մեջեն՝ միշտ վեր բռնելով իբրև վերջին հույսի մը անհաղթելիությամբ այդ դալար ճյուղը՝ մխրճած իր ցախերու, կամ ավազակույտին մեջ․ ո՞վ չէ զգացած այն հաճույքը, երբ այն անորոշ զանգվածին մեջ վերջապես նշմարած է այդ կյանքի մասը, այդ ոստը թափառիկ, որ դեռ իր ցցած ծայրին վրա, տերևներուն մեջ կը կրե քայքայած բույնի մը մնացորդը կամ ծվենը, ջիղ մը կամ քնքուշ և դյուրաեղծ բժոժը թրթուրի մը կամ (եթե կուզեք) չորցած (այո՛, չորցած) արյան նետվածքներ։

Այս այնքան բնական է ինձ, որ բացատրությունները ավելորդ կը նկատեմ. բայց պիտի ըսեք, որ այդ ամենը նկարագրված չէ Ձեր քերթվածին մեջ։ Նախ կույսը չէր կարող այդ ամենն ընդնշմարել հեռվեն, հետո՝ ավելի մոտեն, բնական է, իր ուշը պիտի գրավեր արմավենիի դալար ճյուղը՝ իր պատկերի խտությամբ և գեղեցկությամբ հոգեբանորեն առավել ազդելով իր զգացողության. նույնպես նկարագրողը չէր կրնար անկարևորը գծելով՝ մեկդի թողուլ ինչ որ բնական է, իր անմիջական հարաբերությամբ զգացումին հետ։

Եվ բավ համարած եմ ըսել․

«Ցըցված մեջ տեղ փրփուրներուն սպիտակ»

որ ջրեն քշված զանգվածի մը նկարին ցայտուն մերկ գիծը կը կազմե։ «Ցից ծայրին» վրա այս բացատրությունն ևս բավական է ճյուղին վերամբարձ դրությունը նկարելու։ Արդեն ինչ անտեղություն էր ամեն մանրամասնությանց իջնել։ Ո՞վ կը մտածեր, թե Արվեստի գործ մը մաթեմատիկական ակնոցներով դիտելը խծբծվի։ Այս պարզապես տափակություն է։ Նույն քերթվածին մասին դարձյալ զարմացմամբ կըսեք. «Անոնք անպատճառ պետք են ըլլալ ռազմիկ փեսային սրտեն ժայթքած արյունի կաթիլներ»։ Կրնան չըլլար բայց պետք եք գիտնալ, որ աղջիկան մենախոսությունը հույսի և կասկածի բուռն խառնուրդ