Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

73. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

<22—23 հունվար, 1907, Կանտ>

Սիելի Հայր Արիստ․ Քասգանտիլյան,

Ստացած եմ Ձեր երկու նամակները և անոնց մեջ ներփակյալ (300) ֆրանք գումարը։ Ինչպես շնորհակալ ըլլամ, որ համապատասխանե Ձեր սրտին։ Այս Ձեր լիաբուխ ուղարկումն առջին, առանց ձգձգումի, առանց ոևէ դժկամակ բառի մը, ես հիացումով գլուխս կը խոնարհեմ և կը լափեմ անդունդ մը Ձեր և Ձեր նախորդին միջև։ Ձեզ անկե համակրա՞նքը կը տարբերե, թե բնածին խառնվածքը — առաջինին կը վկայե հոգիս, և երկրորդին՝ ալն, թե Հայր Ստեփան ցուցանք մըն էր։

Անոր պատկերը այնպես գեղեցկագիտորեն նկարած էիք, որ հարյուր գաղատացի պիտի ուզեի կորսնցնել այդպես էջ մը ունենալու համար։ Ես կը ցավիմ որ Դուք քիչ կը գրեք կամ գոնե քիչ կը հրատարակեք։ Ստեպ մտքես անցուցած եմ, թե ինչու կենսագրական կամ գրաքննական ընդարձակ Satire[1]-ի մը չեք ձեռնարկած։ Ձեր մոլախինը դեղ է և հաճույքով պիտի խմվի։ Մեր մեջ մի՞թե Հայր Ստեփաններ կը պակսին․ անոնց բանակը կրնա ամբողջ Ափրիկեն աշխարհակալել. թո՛ղ թե մինչև Բարեհուսո ստորոտը, որուն վրա (ո՜վ արդար Թեմիս) երբեք իրենց դրոշակը պիտի չտնկեն։

Ուսման շրջանս կը հարցնեք — այս տարիով ան երեք տարվան մեջ կը լմննա։ Մասնաճյուղ ընտրած եմ sclences politiques et sociales[2]. Մտածեցի, որ չոր իմաստասիրությամբ և ստուգաբանությամբ պիտի չկրնամ ուղղակի օգուտ մը մատուցանել ազգիս։ Արդեն այս ճյուղիս մեջ ալ առջի տարին բոլորովին իմաստասիրություն և պատմություն կը դասախոսվի․ մնացածն ալ ինքնօգնությամբ կը լրացնեմ։ Միակ նպատակս է հայրենիքիս օգտակար դառնալ․ ահա գաղափարականը, որ զիս կոգևորե և կը կանգնե․ արդ միայն իրմով կապրիմ, իրմով

  1. Երգիծանք
  2. Քաղաքական և սոցիալական գիտություններ