Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

86. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

<14—15 հունիս, 1907, Կանտ>

Սիրելի Արիստ․ Քասգանտիլյան,

Ստացած եմ հունիսի թոշակս, շնորհակալ եմ։

Լուրը, զոր տվիք տխուր ես բնավ չէի սպասեր, թե Հայր Ստեփան Վանքին սեմեն պիտի կրնար ասպատակել։ Եթե խնդիրը հավատքի վերաբերեր՝ ես պիտի ըսեի, թե անսխալական Հռովմը այս կետիս մեջ սխալեցավ։ Եվ այս խոսքս պիտի հաստատեր նույն ինքը Հայր Ստեփան, իր սրտին խորեն։

Ինչո՞ւ երկար չեք գրեր, ի՞նչ արդար սրտմտություն Ձեր Հռովմ կը ջլատե։

Հռովմ զՎանքը կապեց կըսեք․ ըմբոստեցուցիչ է այս։ Հռովմ՝ Վանքին տես, թող խենդը կապեր։

Իսկ իր պաշտպանը, որ Հռովմեն ղրկված էր, մի՞թե այն fameux[1] թիփն է, որ Հասունի ոսկրներուն համար այս վերջես գավառներուն խեղճ ու տգետ ժողովուրդը կը շահագործեր․ ոսկրներ, որոնք իրենց ողջության ամբողջ հասարակություն մը ջուրի վրա նստեցնելե վերջ՝ իրենց փտության մեջ իսկ անոր գրպանները պիտի խուզարկե եղեր․ ո՜վ անմիտ ժողովուրդ, մինչև ե՞րբ քու արյունախում տզրուկներդ մեռոնազօծ ջուրերու մեջ պիտի պահես․․․ մինչև ե՞րբ․․․

Բայց ինչո՞ւ երկարել։

Ըսեք, թե ո՞ւր պիտի ղրկվի այն սևերեսը, Սիպի՞ր․․․ թե օթթենթացվոց աշխարհը․․․ իր խղճի, սրտի փշաստաններուն մեջ։

Միշտ Ձերդ սիրով
Դանիել
  1. Նշանավոր, հայտնի