Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Այս կետին գրե ինծի, թե իմ մասին ի՜նչ ծանոթություններ տված ես իրեն, և ինք ի՛նչ կարծիք ունի վրաս. արդեն սկսած եմ աշխատակցիլ իր թերթին)։ Բայց չէի մտածեր որ ուղևորությանդ շրջանակը այս աստիճան լայնցուցած ըլլաս։ Միջերկրականը քեզի գրեթե լիճ մըրեր ես, զարմացա, հետո ուրախացա, որ այս թափառումեդ վերջ փոխված, եղած ես լավատես մը։

Պ․ Պազարճյանը ես բնավ հարգելե չեմ դադրած, դեռ ավելին՝ զինքը սիրած եմ, բայց իմ մտերմական վերաբերությունս, ինչ որ կարծեմ իրեն այնպես երևցած է, թե զինքը չեմ հարգեր։ Իր մեկ քարտով զիս կը հանդիմաներ, թե ինչու նամակներուն ուշ կը պատասխանեմ և կսպառնա մեյ մըն ալ ինծի չգրել եթե անգամ մ՝ալ պատասխաններս հետաձգվին։ Այս խարտեն վերջ, նկատելով իր իշխանական պարտագիր շեշտը, ես վիրավորված եմ՝ ես, որ զինքն իբրև բանգետ և ազնիվ բարեկամ ողջունած էի։ Պ. Պազարճյանը պետք Է հեռվեն սիրել։ Ասկե վերջ։

Ինչ որ կը վերաբերի քու ազնիվ հրավերիդ, Թորին գալու, ներե Դերենիկդ իմ, եթե ըսեմ, թե պիտի չկրնամ։ Համենայն դեպս քու փափաքդ միշտ զիս քաղցրորեն հուզած է։ Առաջարկդ քաջ գիտեմ, թե եղբայրական է։ Սենյակդ տրամադրությանս տակ կը դնես, գուցե անկողինդ և հանգստությունդ և կըսես դեռ ուրիշ պատրաստություններ, միայն թե սև աստղի տակ ծնած եղբորդ և բարեկամիդ ձեռքը անգամ մը սեղմած ըլլաս։ Բայց ցավալի չէ՞, որ հակառակ քեզ տեսնելու ցնծալից բաղձանքիս և նույնիսկ իմ օգուտիս, պիտի չկրնամ գալ։ Իմ օգուտիս կըսեմ, վասնզի արցունքով քեզի կիմացունեմ, թե կը գտնվիմ հոգեկան այնպիսի դառն վայրկյաններու մեջ, որ ճամբորդություն մը լավ գիտեմ թե քիչ մը ցրում պիտի տար ինձ և ջիղերուս այս հիվանդ վիճակը բարվոքեր։ Իսկական ՊԱՏՃԱՌԸ հոգեկան վտանգավոր դրությանս՝ նամակով ըլլալուն հոս ԿԸ ԼՌԵՄ։ Առայժմ այսչափ, թե կը գտնվիմ Կանտի մոտ գյուղ մը։ Ահաբեկիչ առանձնության մը մեջ, լեզվես հասկցող չկա՝ ուր մնաց հոգիես։ Քաղքին ժխորին մեջ, ձմռան ժրափույթ աշխատութենե մը վերջ՝ ինձ անկարելի եղավ մնալ։