Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ։ Մեկ խոսքով՝ խոճոճալով-խոճոճալով հուսկ հասա ներկա ձևին, զոր կը հանձնեմ Ձեր դատողության։

Արվեստի մասին երթալով համառ բծախնդիր մը կը դառնամ։ Ուստի ամենափոքր արատները կը փափաքիմ, որ ինձ անդրադարձնեք։ Կը տեսնեմ, որ ասկե վերջ բավական չէ քերթվածներս ստեղծել սրտիս կաթիլ-կաթիլ արյունովը, այլ հարկ է զանոնք զգեստավորել հայերենի ամբողջ փառքովը և արվեստի ամբողջ նրբությամբը։ Կարդացեր և ըրեր խնդրեմ Ձեր դատաստանը և հետո, երբ կարևորություն չտեսներ պահելու, հաճեցեք ուղարկել ինծի, վասնզի վիպերգներու ամբողջ շարք մը գրելե վերջ միայն պիտի ուզիմ հրատարակել։

Սիրալիր ողջյուններս, միշտ Ձերդ

Դ. Վարուժան

Նոր տարվո շնորհավորություններս։


102. <ՀՈՐԵՂԲՈՐԸ>

<Դեկտեմբեր, 1907, Կանտ>

Սիրելի հորեղբայր,

Ո՛րքան երկար ժամանակ և ո՛րքան երկար ճամբա մեզ իրարմե բաժնված պահեց։ Ու երկու կողմանե մենք երկայն ատեն լուռ մնացինք, բայց բնավ չմոռցանք մեկզմեկ. և մի՞թե կարելի էր մանավանդ ինծի չհիշել զՁեզ, որուն շուքին տակ ժամանակ մը իմ մանկությունս անցավ, որուն աչքերուն մեջ ժամանակ մը պանդուխտ հայրս պաշտեցի ու զՁեզ սիրեցի հավիտենապես, վասնզի Ձեր արյունը արյունիս ազգական էր։

<Դ. Վարուժան>