Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1908

103. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

3 հունվար, 1908, Կանտ

Ազնիվ պարոն,

(պ. Գարեգին Lևոնյան)

Կարդացի հայտարարությունը Ձեր հրատարակելիք «Գեղարվեստ» հանդեսի մասին և ցանկացա աշխատակցիլ անոր քերթվածներով։

Ինքս «Գեղեցիկին» քուրմ մըլլալով՝ կրնաք գուշակել, թե ի՛նչ խանդ կարթննա մեջս, երբ կը տեսնեմ նմանօրինակ հանդեսներ, որոնք կոչված են ազգիս հավաքական զգացումները ձևելու, ներդաշնակելու և ուղղելու զանոնք վայրկյան մը սարսափեն՝ երազանքին և արյունեն՝ արևուն։ Նույն այս խանդով էր, որ ժամանակ մը հոգիս «Գեղունիի» էջերուն հետ թրթռաց․ «Գեղnւնիին», որո գլուխը ես կարծեմ այսօր կերան կրոնամոլ ժանիքներ։ Վատիկանի թաթը այժմ ս․ Ղազարու մամուլին վրա կը ծանրանա կամ պիտի ծանրանա։ Ես չգիտեմ, թե նույն այդ գեղարվեստական հանդեսը արդյոք պիտի դեռ հրատարակվի, հակառակ դեպքում ես կը մաղթեմ որ Ձերինը անոր տեղը բռնե՝ ընդլայնելով անոր հորիզոնը, — աշխարհականի հայացքին հորիզոնը։

Ներփակյալ քերթվածը, զոր կուղարկեմ, Մխիթարյանց վերոհիշյալ թերթին համար էր սահմանած։ Բախտը այնպես ուզեց, որ Ձեր մամուլին հղեմ․ և բախտը վատ բան մը չէր ուզած, եթէ ան ընդունելություն գտնե Ձեզ մոտ։

Զարմանալի է, որ մեր մեջ հայրենասիրական երկերը (նվազ բացառությամբ) գեղարվեստական արժեքե անջատ հղացված են։ Քերթվածիս մեջ, ինչպես նաև բոլոր նմանօրինակ գրություններուս, ջանացած եմ երկու տարրերը շաղվել օգտակարն և գեղեցիկը. անոնց մեջ խտացնել անհատական հոգիիս հետ բոլոր objective գեղեցկությունները, համարելով, թե այսպեսով միայն կարելի է ուժեղ գործեր արտադրել և խուսափել