Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուսանող պահեցեք։ Բայց Դուք այդ բանը չեք ըներ։ Դուք Ձեր փեշերուն տակը չապաստանողները, favori[1] անվան չարժանացողները երկու կրունկով կը ճզմեք և վերջն ալ առանց խպնելու գթության, հայրության, արդարության ախոյաններ կը կանգնիք․ տգեղ է այս, տգեղ է և ծիծաղելի։

Դեռ՝ այն Ուսումնական ժողովը, որուն վրա է մեր խոսքը, Ձեր ըսածին համեմատ, ամեն խնդրո մեջ ալ իր յոթն անձերով չէ խորհրդածած և վճիռ չէ արձակած՝ գեթ Դերենիկին պատկանող հարցին մեջ. վասնզի հիշյալ պարոնը ինծի կը հավաստե, թե իր խնդիրը ժողովին չեք ներկայացուցած․ այլ օր մը պարտեզին գեղածիծաղ ծառերուն տակ, բնության գեղեցկութենեն արբշիռ Դուք ինքնիդ, մինակ, կտրեր ձևեր եք իր ապագան, երիտասարդի մը ապագան․ և կրկնած եք քանիցս անգամ, թե «ճանըմ Ուսումնական ժողով կըսենք, կերթանք, Ուսումնական ժողովը ես և Հայր Սարգիսյանն ենք»։ Անդամներու այս ցավալի սղագրությունը կը հասկցնեք իհարկե բարոյապես, առանց քաշվելու, թե ըրածնիդ կամայականություն է և դիկտատորություն։ «Ով բուսականութեան եղիճք և դդումք ի բանջարանոցս»։

Դեռ Դերենիկին նամակին մեջ կը թվեք քանի մը ուսանողներ և կըսեք, թե ատոնք ուսանող եղած են բացառիկ դրամով—բացառի՜կ դրամով․ ի՞նչ է այդ բացառիկ դրամը, Մուրատ—Ռափայելյանի դրամը չէ՞ այդ։ Բացառիկ դրա՜մ։ Այս բառը շատեր պիտի խնդացնե և շատեր պիտի զայրացնե։ Ո՛չ, մեր գլխուն ավետարան մի կարդաք։

Հայր, մենք լավ գիտենք, թե այդ բացառիկ բառը դիմակ մըն է ոևէ զեղծումներ ծածկելու համար իր ներքև, և ես կը զարմանամ և ես կը ցավիմ, որ այս ոճով մտածող և գործողը Ցեցերու հեղինակն զոր օր մը չարամիտ հարձակումներու դեմ այնքան պատանեկան խանդավառությամբ անվախորեն կը պաշտպանեիք որդնոտած միջավայրին մեջ։

Կը վերջացնեմ և կը հայտարարեմ թե անիրավություն պիտի ըլլա Դերենիկի խնդրին դեռ ավելի վնաս հասցնել իմ նամակներուն

  1. Սիրելի, սիրեցյալ