Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա ձմեռն եկավ, և ես ամառային զգեստով եմ և այնպիսի վերարկուով մը, զոր ես կարծեմ Դուք ինքնիդ վրայես պիտի հանել տայիք և աղքատ գործավորի մը իբրև ողորմություն տալու (Ասոնք այնպիսի խոստովանություններ են, զոր հոգեկան հպարտությունս պիտի չներեր ինծի՝ ոչ ոքի պատմելու, եթե զԶեզ հոր մը տեղ դրած չըլլայի)։

Իսկ ինչ որ կը վերաբերի համալսարանի ծախսերուս, ասկե վերջ անպայման պիտի ղրկեմ ստացագրերը՝ հազիվ թե առնեմ՝ ընդունայն կասկածներու տեղիք չտալու համար։

Կուզվի մանավանդ այնպիսի ժամանակ մը զիս օրինավոր իրավունքե մը զրկել, որուն պետք ունիմ ամեն ատենե ավելի։ Հայկական հին իրավագիտության վրա կուզեմ these մը գրել․ անհրաժեշտ է։ Այս տեսակետով կուզեի ամառը հոդ գալ՝ չեղավ։ Ա՜րդ, չվարած մնացեր եմ, թե ո՜ր մեկ դրամովս այդ գիրքերը պետք է ձեռք բերեմ։ Դուք ըսե՜ք, եթե կուզեք, որ վարժարանը գիտնական սաներ արտադրե։

Արդ ցույց տվեք ուրիշ ելք մը, և ես այդ նոր դրված կանոնին առջև կը խոնարհեմ։ Բայց չէ որ ուրիշ ելք չկա։ Եթե ա՜յսօր զիս իբրև պարտապան գող մըն ալ կախաղան բարձրացնեն՝ ես դարձյալ հորմես դրամ չեմ ուզեր, վասնզի գիտեմ, որ չունի, գիտեմ, որ իրենց՝ ծնողացս բերանին պատառն է, զոր անգթորեն պիտի քաշեմ։

Տարիներով կին և որդի մինակ թողելե վերջ, պանդխտության մեջ անբարոյական և քարասիրտ տերերու լուծին տակ մաշելե վերջ՝ երբ ան հազիվհազ 10—20 ոսկի մախաղին մեջ դրած վերադարձավ ընտանեկան հարկը։ Բավական անզգա պետք է ըլլալ այդ ալ ձեռքեն առնելու՝ գիտնալով հանդերձ որ սիրով կուտա և ի հարկին կը վերադառնա դարձյալ նժդեհության ծոցը։

Կարճ․ ինծի երկու միջոց կը մնա․ կա՛մ վարժարանը ուղղակի իմ օրինավոր և ուսանողի պետքերես առաջնորդված միայն՝ այդ պետքերս բոլոր կը հոգա՝ ա՜յն գիտակցությամբ, թե բարերարներու դրամը ծովը նետած չըլլար, և կամ պետք է ուսումս կեսկատար թողած երթամ և օրական հացս շահիմ։