Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1911


12. ՀՈՂԴԱՐԻ ԲԼՐԱԿԻՆ

Քու համեստ բարձունքիդ վրա կանգնած կունկնդրեմ անմահութեան երգը չորս բուրումնաշունչ հովերուն, չորս հովերուն, որոնք ցորյաններու ծովերը հուզելով կուգան մազերուս մեջ նվագել տրտունջը հայրենի ավերումին և փառքը աստղապսակ Մարդուն, որուն օրոցքը օրորվեցավ քու մեկ բարի հյուղակիդ մեջ։

Կողիդ վրա հայ տնակները բույներու պես ցանված են նախնիներու շինարար ձեռքերով, տնակներ, որոնց պատերը կը ծեփե ամառնային արեգակը և որոնց երդիքներուն վրա, գիշերը, աստղերը մայրորեն կը հսկեն, կաղոթեն և կուլան իրենց մարգարտազօծ աչքերուն ծորան—ծորան արցունքով․ տնակներ, որոնց դռնակները արշալույսները կը բանան և լուսընկաները կը փակեն։

Քու գորշ հողդ ծոթրին կը բուրե, և կավդ է լուսազանդ, որոնց վրա հայկակները տատրակներու պես կը պառկին և հսկաներու պես կարթննան․ քու կավդ, քու կա՜վդ կակուղ և արևեն խորխոլած, հատիկ առ հատիկ, փոշի առ փոշի, հազարավոր սերունդներու Արտերը շաղեց և երակներն հոսեցուց, մանուկներուն մեջ վարդեր ծլարձակեց, պարմաններուն մեջ զորությունն առնական և նահապետներուն մեջ անմահություն․ երեխաներու այտերեն և ալեզարդ մորուքներեն ծերերու քու կավդ է, որ կը հոսի վարդերու և շուշաններու իսկության պես։

Ես կը սիրեմ աղբյուրներդ, բարբարոս քերթվածներ՝ քանդակված անտաշ քարերու մեջ, որոնց վրա կաճի մամուռը սնդուս․ դուռերուն վրա կաբիրուհին կը նստի․ իր քողին խաղաղության մեջեն, երբ ան կը հակի ջուրերուդ վրա օծելու համար իր աչքերը բոցանուտ, ակերդ կը վառին․ աղբյուրներդ