Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

126. ՌՈԻԲԵՆ ԶԱՐԴԱՐՅԱՆԻՆ

<23—27 դեկտեմքեր, 1908, Կանտ>

․․․Դժբախտաբար թե հեռավոր միջավայրիս և թե Թուրքիո լուրերուն մանրամասնությունները ուշ հասնելուն պատճառով, ինծի դժվար եղավ և պիտի ըլլա երկաթը տաք-տաք ծեծել․․․։

<Վարուժան>


1909

127. ԹԵՈԴԻԿԻՆ

<Ա>

9 հունվար, 1909, Կանտ

Ձեր «Տարեցույցին» ամբողջությունը առաջին հավաքական արձագանքն էր ազատության ձայներուն։ Հայ գրիչներու խմբանկարն էր՝ ազատության տոնին ատեն միահամուռ կարծես լուսանկարված։ Ձեր շարժումը Ձեր մտածումեն ավելի արագ պետք է ըլլա՝ երբ այսպես ստվար, այսպես շուտ և մանավանդ այսպես խնամված երկը լույսին նետեցիք: Մեկ խոսքով, 1909-ի տարեցույցնիդ 1900 չգիտեմ դեռ քանիին համար ևս պիտի մնա գնահատելի, եթե մեր հասարակությունը իր ճաշակին մեջ չի ծերանա։


<Բ>

Առողջական պատճառով ներե՛ որ ուշացա քեզի պատասխանելու։ «Տարեցույցդ» կարդալե վերջ ուզեցի նամակս գրել։ Այսօր հազիվ ակնադալուկ էսգյուլապեն հրաժեշտ առած՝ կուգամ փոխադարձ շնորհավորել վարդավառվռուն Վահագնիկը, որ այնքա՛ն գողտրիկ կերպով իր երեց հայ եղբայրներուն իբրև կաղանդչեք կը նվիրե նմույշ մը այն մարգրտե պսակեն, զոր իր ժիր հայրիկը իրեն քրտինքով և ճարտարորեն հյուսեր է որբերուն սև գլխուն համար։