Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոնք սոսկ նվիրական են։ Խե՜ղճ ոսկրներ իմ սիրելի Ալիշանիս, որքա՜ն պիտի ուզեի ազատել զՁեզ և ծոցիս մե՜ջ միայն թաղել։

Բայց պիտի Հարցնես, թե ի՜նչ հարկ կա գրել քեզի այս բոլորը․ ճիշդ է։ Կը խնայեմ ժամ տնակիդ։ Ըսի, վասնզի մարդ այն աչքը կը ճմռե, որ կը ցավի։ Վանքն իմ աչքս է, ճպռոտ աչքս։

Շնորհակալ եմ, որ «Կարոտի նամակ» քերթվածիս արտասանելու պատճառ եղեր ես։ Ասոնք մխիթարություններ են, որ քեզ նման ազնիվ բարեկամներ միայն կարող են առթել։ «Անահիտի» մեջ «Արմենուհիեն» տուն մը զեղչեր են։ «Վահագնի» ոճով մտադիր եմ Հայոց պատմութենեն քանի մը երգի նյութ հանել։ Պիտի բաղձայի քու գրական նորություններդ իմանալ և ուրախանալ։ Կը կնքեմ նամակս սիրով և մաղթելով գրչիդ նորանոր թույրեր։

<Դ. Վարուժան>


132. <ՄԵՐՈԻԺԱՆ ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ>

30 մարտ, 1909, Կանտ

Սիրելի եղբայրակից,

...Սիրահարական սեռը միակն է գուցե, որ մյուսներեն ավելի ապրելու սահմանված է։ Հայրենասիրական քերթվածները օր մը կուգա, որ կը մեռնին։ Եթե սիրահարական քնարերգությունը մշակվի ճշմարիտ տաղանդի ուժով, ու այդ քնարին լարերն թաթախված ըլլան ապրված կյանքի մը հույզերուն և մահացված սրտի մը արյունին մեջ, որ կապրի մարդ էակին հետ՝ դարերու մեջեն կը բացատրե կինը՝ այդ մանրանկարը Տիեզերքի գեղեցկություններուն։

Դժբախտաբար հազիվ մեկ-երկու ոտանավորներու մեջ ճանչցած եմ Ձեր մուսային շունչը, ինչ որ չի բավեր Ձեր մասին որոշ գաղափար մը կազմելու, ամեն պարագային կը մաղթեմ հաջող թրթռումներ Ձեր քնարին։ <Դ. Վարուժան>