Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարշալուսնան, և անոնց միօրինակ երգը աստղերու պես կը քաղցրանա։ Ես կը սիրեմ ուռիներդ հովանավոր, որոնք խորախորհուրդ մրմունջներուն մեջ կը ծրարեն զքեզ, և կը խորհիմ անոնց շուքին տակ խաղացող բոպիկ մանուկներուն վրա։

Քու վրադ ալ, ո՛վ բլրակ, քու վրադ ալ օր մը կանգ առավ Բեթղեհեմի աստղը, ու իր ճաճանչները քու կտուրներուդ վրա ալ սլաքվեցան։ Խրճիթի մը դուռը ճռնչեց, և դուրս ելավ Մանուկ մը դեդևուն քայլերով, տժգունորեն գեղեցիկ, արշալույսի առաջին համբույրովը զգաց, որ ճակատին վրա Աստուծո շրթունքը դպավ։ Ամբողջ քու ծոթրինաբույր հողովդ բեռնավոր՝ թողուց հովերդ ու ծառերդ, աղբյուրներդ ու հյուղակներըդ, գնա՜ց, գնա՜ց հեռավոր ձեռքե մը առաջնորդված․ բայց իր ոտքերուն հետքերը ստորոտիդ վրա անունիդ հավերժացումը գրեցին։

Հողդարցի Մխիթարն էր քու, մանուկդ և հայրենիքի ծերունին։ Հայկական դարերու հաղթության կամարը քու կավովդ ու շաղախովդ կերտեց․ և գաղափարի անմատչելի կատարները քու տրեխներովդ բարձրացավ։ Կնգուղ առավ բարի ըլլալու համար և գրիչ առավ մեծ ըլլալու համար, և վանքերու սպիտակափառ պատերուն խորը, երբ գլուխը ձեռքերուն մեջ ըղեղին տրոփյունները կունկնդրեր՝ հայրենի ավերակները իրենց լուսածրար ընդերքներուն մեջեն անհունորեն խայտացին, պարիսպներու տակ ցանված ոսկորները շուշանացան, մարգարտակուռ մագաղաթները լուսնադեմի երկնքին պես տակավ առ տակավ սռնանալ սկսան։ Հողդարի ճրագը Արարատի արևը եղավ։

Եվ ես այժմ, ո՛վ բլրակ, համեստ բարձունքիդ վրա կանգնած կունկնդրեմ Անմահության երգը չորս բուրումնաշունչ հովերուն, որոնք մազերուս մեջ կերգեն տրտունջը ավերումին և մրմունջը շուրջդ ծովացած ցորյաններուն։ Եվ իմ ճամբորդի ցուպիս ծայրով քեզ կը բերեմ ողջույնը Մխիթարի սերունդին և կը ծորեմ օրհնությունը Հյուրմյուզներու, Բագրատունիներու և դաշնակավոր Ալիշանին, և ըղեղս՝ հպարտ կզգա զինք հպարտությամրը Մխիթարյան Իտեալին և համբույրովը քու հողիդ լուսազանգ։