Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

14. ԴՐՎԱԳ ՄԸ ՃԱՄԲՈՐԴԻ ՀԻՆ ՀՈԻՇԵՐԵՍ

(Վենետկեն Աթենք)

Նավը իր ետև թողուք Վենետիկը, ալիքներով և աստղերով խեղդված քաղաքը, ուր տարիներ երազեցի և մտածումներս նկարել սորվեցա․ երբ Ադրիականի թագուհին հետզհետե իր մարգարտահեռ քղանցքները կը հավաքեր նայվածքներուս առջևեն և հորիզոնին ետև կաներևութանար՝ հոգիս անհուն տրտմությամբ մը համակվեցավ, և որպեսզի ան, հուշերուս մեջ անմահորեն բյուրեղանա՝ որոշեցի — օր մը — իր համապատկերը վրձնել ընդարձակ քերթվածի մը, գուցե վեպի մը մեջ։

Առաջին անգամ Գորֆու կղզիին մեջ էր, որ հին քաղաքակրթության հողը համբուրեցի։ Այդ կղզին ամենեն առաջ տիրապետված է փյունիկեցիներեն։ Անոնք վենետիկցիներեն ավելի մարդկային ըլլալով՝ փոխանակ ի խնդիր Ափրիկեի ափունքներուն ճոխացման՝ կղզին կողոպտելու իր բնական պարգերեն, զայն ավելի բեղնավորած և ճոխացուցած են։ Իրենց վաճառականությունը հողին բնածին հարստության վրա բարդած է դրացի երկիրներուն գանձերը, և այդ երջանիկ, բայց կարճ շրջանին Գորֆուի ափունքներուն վրա, ծովուն ալիքներուն հետ՝ մեղր ու կաթ հոսած է իբրև նախասնունդ ապագա հելլեն աստվածներուն։ Նույն այս կղզիին մեջ էր, որ Ոդիսևս իր արկածալից ճամբորդության ժամանակ Ալսինոոս թագավորեն ընդունելություն գտավ, և հետո, բեռնավորված թանկագին նվերներով, նավերու ճոճճեմական բազմությամբ ճամբա դրվեցավ դեպի իր ժայռախրոխտ Իթակեն՝ ուր իր կինը հավատարմության անվերջանալի կտավը կը հյուսեր․ դրվագ մը, զոր Հոմերոսի էջերուն մեջ կանգ առած նավուն ցռուկին վրա, այնքան հաճույքով կարդացի իր