Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

15. ՏԻՊԱՐՆԵՐ

Ա

Բարթող աղան բարի մարդ մըն է, բոլոր անոնցմե, որոնք մեզ կը տրամադրեն այդպես կոչելու զիրենք։ Ան կարող չէ չար ըլլալու, եթե բաղձա իսկ, և ոչ ալ կրնա առաքինի ըլլալ (բառին տառական առումովը)։ Մեծ չար մը և մեծ առաքինի մը ըլլալու համար տաղանդ պետք է։ Ան տաղանդ չունի, այսուհանդերձ զինք կը կոչենք տիպար մարդ․ այնքա՜ն մենք վարժ ենք միջակությունը փառաբանելու, վասնզի մենք այնքան միջակ ենք և մեր հարաբերություններուն մեջ կը խուսափինք տաղանդեն և հանճարեն և անոնց բախումներեն․ այդ խուսափումը մեր մեջ կը մատնե ինքնասիրությունը, և միջակ մարդուն մեջ ինքնասիրությունը քողազերծ կընե փոքր և ծաղրելի հողի մը։ Ես կը սիրեմ Բարթող աղան պարզ անոր համար, որ ստեղծված արարած մըն է, անոր համար, որ երբ դուրս գալ ուզեմ հոգեկան գալարումներես, մտածումներուս պարտասիչ այլազանութենեն, թռիչներես և անկումներես, անի՜կա միայն կը գտնեմ, որ իր տափակությամբ միտքս կը հանգչեցնե և իր լավատես միապաղաղությամբ ինծի խորհիլ տա, թե իմ ճիգերս գերմարդկային են, և թե հատակի մարդկության վրա դեռ կրնամ լայն շուք մը տարածել։ Բարթող աղան մահն է կյանքին մեջ, կամ լավ ևս ըսեմ՝ իր հոգիին մահը կապրի անմահ մը, որ հավիտենական քունեն նվազ խորհրդավոր է, բայց ավելի արգահատելի և հետաքրքիր մանավանդ անոնց համար, որոնք կոչված են մարդ էակը բարձրացնելու։ Երբ առանձին ենք Բարթող աղային հետ, ինքնաբերաբար կը խոսինք ամենեն շատ ծեծված և ծանծաղ նյութերու վրա, որոնք անցյալին կը պատկանին իրենց ծնած օրեն իսկ․ սակայն երբեմն ես կը խորհիմ թե ամենեն հավիտենական