Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1914


16. ՌԱՀՎԻՐԱՆԵՐԸ

Մկրտիչ Փորթուգալյանին

Հայաստանի Ռահվիրաներն են։

Հագած չե՛ն կոշիկ երկաթակուռ, և ո՛չ ալ ունին ցուպը տապարավոր։ Բոպիկ են մանուկի մը պես, և իրենց ձեռքերը սպիտակ ու մերկ են շուշանի մը թերթերուն նման։ Բայց շողյուններ կարշալուսեն իրենց աչքերը, և հավատքի ճառագայթ մը, թովչակա՛ն փոկեպարան, կը սեղմապնդե իրենց մեջքը։

Եվ ճամբաները, իրենց առջև, կը փեռեկին ապառաժներու կուրծքին մեջեն։

Լեռները, վար խոնարհած ամպերեն, շարան—շարան, ուղտերու պես, կռնակնին կը ծռեն անոնց քայլերուն ներքև։ Երկինքը հուր կը տեղա, ու երկիրը արևը կը զգայռե շուրջը այդ նորօրինակ առաքյալներուն՝ որոնք կերթան, անվհատ, կանչված անծանոթ շեփորե մը։

Դեպի Երկի՜րը, զոր անցնող դարերը, բոլոր դարերը շարժումի և լույսի, մոռցած են աղետավոր աստղի մը տակ և որուն ընդերքները հերկած է միմիայն ոճիրը իր ճիրաններով ու սերմանած՝ իր թաթերով։

Դեպի Երկի՜րը, որուն յուրաքանչյուր օթոցքին վրա կռունկը կուլա, յուրաքանչյուր գերեզմանի վերև բորենին կը հսկե։

Դեպի Երկի՜րը, որուն փետրաթափ աղավնիները ստիպված են խլել իրենց կերը ագռավներու կտուցեն, և մարդիկ իրենց կերակուրը՝ շնագայլերու ցռուկեն, և որուն ավերակներուն կատարին Սովը, Ճիվաղի պես կանգուն, կոռնա խրճիթե խրճիթ, հորիզոնե հորիզոն։