Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջ մինչև պատմական դարերը եղած (առասպելական շրջաններն ալ միասին հաշվելով) քանդակներ, փորագրված նշաններ, առավել կամ նվազ տձև արձանիկներ, որոնք այսօր մեր թանգարանները կը լեցնեն՝ ցույց կուտան իրենց վրա հավատալիքի մը դրոշմը։ Այդ նշաններեն գլխավորներն են Արևը, Խաչը և Գուռը: Ամենեն առաջ Արևը․ այդ բեղնավորիչ և կենդանացուցիչ հրեղեն գունտին մեջ պետք է փնտռիլ հավասարապես ամեն կրոնքներուն արմատը։ Այդ լուսավոր մոլորակը, փառքով և բարիքներով լեցուն, մարդուն կենակից և առանց անոր հավերժորեն վերապրող, այնքան մոտ մարդուն և այնքա՜ն հեռու, պետք էր և կրնար ըլլալ Աստծո մը մարմնացումը երկնքին մեջ, իսկ երկրիս վրա իր բնութենակից ծնունդը՝ կրակը։ Երբ մարդը առաջին անգամ կրակը Աշխարհիս վրա կը տեսներ իր երկու փայտերու շփումով, այդ երկու փայտերու խաչաձևումը իրեն համար կը մնար նվիրական։ Զայն հավասարապես կը պաշտեր, վասնզի այդ խաչաձև փայտերուն վրա տեսած էր էակից մաս մը երկնային հուրին, անոր վրա իջնալը նկատած էր իր Արևուն ծնունդին, իր Աստծո Որդվույն։ (Հետո ինչպես բարեշրջման օրենքով Խաչը կը միանա Գուռին։ Եվ թե ինչպես հավատալիքի այս ձևը առավել կամ նվազ ճշտությամբ կը զարգանա եգիպտական կրոնքներուն մեջ, Իսիսի որդվույն, հետո Քրիստնայի և Պրոմետուսի գաղափարներուն մեջ և կուգա մինչև քրիստոնեության մեջ միանալու, խտանալու և կազմելու նոր կրոնք մը, այս խնդիրը կը կազմե ընդարձակ և շահեկան ուսումնասիրություն մը, զոր ինծի համար փորձելը երկար պիտի ըլլար հոս և հաջողելը անկարելի)։

Գալով պատմական դարերուն, մեզմե ամեն ոք գիտե, թե մեծ և փոքր ազգերը ի՞նչ հավատքով և ի՞նչ գեղեցիկ պաշտամունքներով հավատացած և ծառայած են իրենց աստվածներուն կամ Աստուծույն։ Վայրենիներուն մեջ նույնը կը գտնենք և որքան որ Լյուպոք Նոր Զելանդիայի մեջ կը մատնանշե ցեղ մը առանց ոևէ տեսակ կրոնքի։ Այս բնավ համոզիչ չէ ժխտելու համար մարդկային բնության մեջ եղած ձկտումը դեպի գերմարդկային