Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նակ խախտում էին զինադադարի պայմանները և, փաստորեն, պատերազմական վիճակի մեջ պահում Հայաստանը։ Հուլիսի 7-9-ին նրանք, առանց որևէ առիթի և որևէ նախազգուշացման, մինչև անգամ կանոնավոր պատերազմական գործողություններ սկսեցին Սարդարապատի և Էջմիածնի հայկական զորամասերի դեմ և գրավեցին մի շարք գյուղեր (Խաթունարխ, Չոբանքյարա, Նեչիլու, Թազաքենդ, Աղամզալու են)։


Այս պայմաններում գնալ Երևան՝ Հայոց ազգային խորհրդի համար նշանակում էր ոչ միայն կտրվել արտաքին աշխարհից, այլև վտանգել գոյությունն այն հաստատության, որը միակ շաղկապող օղակն էր հանդիսանում ի սփյուռս աշխարհի ցրված հայության և միակ լիազոր մարմինը՝ Հայաստանի իշխանությունը կազմակերպելու համար։


Բացի սրանից՝ դյուրին չէր մի քանի օրում հաշվեհարդարի ենթարկել այն գործերը, որ Ազգային խորհուրդն ուներ Վրաստանում։ Պետք էր կանոնավորել Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերությունները, պետք էր ճշտել Հայկական կորպուսի ստացվածքի փոխադրության պայմանները, պետք էր նորակազմ պետության դրամական կարիքները հոգալ, պետք էր ճամփա դնել այն ռուս զինվորականներին, որոնք կռվել էին հայկական ճակատում և այժմ, խռնված Հայոց ազգային խորհրդի առջև, ապրուստ և ճանապարհածախս էին պահանջում նրանից՝ իրենց տները վերադառնալու համար։ Այնուհետև պետք էր իրար բերել Հայաստանից դուրս գտնվող մի շարք կարևոր քաղաքական գործիչների և մասնագետների՝ նրանց օգնությամբ Հայաստանի իշխանությունը կազմակերպելու համար են, ևն։


Վերջապես՝ անկախ այս ամենից էլ Հայոց ազգային խորհուրդը և նրա կազմած կառավարությունը լուրջ դժվարության մեջ էին Հայաստան գնալու համար, որովհետև ճանապարհները փակված էին նրանց առջև։ Թուրքերը, դեռևս հաշտության դաշնագիրը վավերացրած չլինելով և, ինչպես տեսանք, փաստորեն պատերազմը շարունակելով հայկական ճակատում, թույլ չէին տալիս, որ Հայաստանի իշխանությունն իրենց ռազմական գծերից անցնի։ Եթե թույլ էլ տային, վստահություն չէին ներշնչում սրանց ապահովության համար։ Մնում