Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ազգային խորհուրդն ու կառավարությունը գնան Երևան, կազմեն այնտեղ Հայաստանի տեղական իշխանություն, ապա Ազգային խորհուրդը վերադառնա Թիֆլիս ու մնա իբրև ընդհանուր ազգային իշխանություն։ Սոցիալ-դեմոկրատները, որ առաջ կողմնակից էին Երևան փոխադրվելուն, այժմ հետ առին իրենց առաջարկը և տատանվում էին անվճռականության մեջ։


Այս բոլոր կարծիքները լսելուց հետո Հ. Քաջազնունին հայտարարեց, որ եթե Ազգային խորհուրդը մնա Թիֆլիսում կամ կազմվեն երկու Ազգային խորհուրդներ, ինքը կհրաժարվի վարչապետությունից, որի վրա, 7 քվեով ընդդեմ 5-ի, որոշվեց Ազգային խորհուրդն ու կառավարությունը տեղափոխել Երևան։ Հայը շատ ամուր էր նստել Թիֆլիսում ու դժվարությամբ էր պոկ գալիս ...


Երկար ձգձգումներից ու վարանումներից հետո՝ հուլիսի 17-ին, Ազգային խորհուրդն ու կառավարությունը վերջապես մեկնեցին Երևան։ Ալեքսանդրապոլով գնալը վտանգավոր էր. Սանահինից սկսած երկաթուղին գտնվում էր թուրքերի ձեռքում։ Պետք էր անցնել Աղստաֆա-Դիլիջանով։


Մեկնողների մեջ էին կառավարության անդամները՝ Հ. Քաջագնունին, Խ. Կարճիկյանը, զորավար Հ. Հախվերդյանը, Ազգային խորհրդի կողմից՝ Ավ. Սահակյանը, Ս. Տիգրանյանը, Սա. Մալխասյանը, Պ. Զաքարյանը[1], Ռ. Տեր-Մինասյանը, Ա. էսոնդկարյանը, բժիշկ Ա. Բաբալյանը, Հ. Ազատյանը, Ա. Մխիթարյանը և ուրիշներ, այլև զորապահակ[2]՝ Դալի Ղազարի գծավորությամբ։ Նրանց հետ գնում էին և երկու գերմանացի սպաներ՝ լեյտենանտ ֆոն Մոմսենը և օբեր-լեյտենանտ Այգենմանը՝ զորավար ֆոն Կրեսսի ներկայացուցիչները և մի թուրք սպա Վեհիբ փաշայի կողմից։


Մեկնումը կատարվեց շատ տխուր պայմաններում։ Վրացիները, որոնք, առհասարակ, երևելի վարպետներ են հանդիսավոր ընդունելություններ ու «բարի երթ»–եր կազմակերպելու, այս անգամ, կարծես դիտմամբ, արել էին ամեն բան, որպեսզի վիրավորեն հայերի ինք–

  1. Ս. Վրացյանը շվարում է. Հայոց ազգային խորհրդի անկուսակցական անդամ Պետրոս Զաքարյանն այդ ժամանակ գտնվում էր Երևանում։
  2. Այսինքն՝ պահակազոր։