Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դժվար էր նաև Դավիթ Մանուկյանի գործը։ Հեղկոմի պահեստից նրան հատկացրել էին 20 փութ գետնախնձոր։ Ամբողջը ցանել էր իր հողամասում։ Կոմբջիջը բացատրություն էր պահանջում։

— Ձեր ուզածը բացատրությո՞ւն է,— ասաց Դավիթը,— կտամ։ Ինձ ուղարկեցին սերմկոմ։ Ասին՝ Դավիթ, գնա գետնախնձորի սերմ ստացիր։ Գնացի ստացա։ Սերմկոմի պահեստապետն ասաց՝ Դավիթ, տար ցանիր, խերով լինի։ Ես էլ բերի ու ցանեցի։ Չեմ կերել, չեմ ծախել։ Ասել են՝ բեր, բերել եմ։ Ասել են՝ ցանիր, ցանել եմ։ Էլ ի՞նչ եք ուզում։ Կոմբջիջը որոշեց ստացած բերքը ամբողջությամբ բռնագրավել ու բաժանել կարիքավոր ընտանիքներին։

Կոմբջիջի նիստում հայտարարություն եղավ, որ գյուղի հանդամասերում թաքնված դաշնակցականներ կան, որոնք «կարող են վնասել գյուղացիներին»։ Բալաբեկ Գրիգորյանը խիստ մտահոգված էր։ Ինչպե՞ս որսալ դաշնակներին։ Ղարիբյանը միջոց առաջարկեց։ Կուսակցական ընկերներից կազմել խումբ, գնալ հանդամասերն «հետախուզել»։ Կոմբջջի անդամներն անմիջապես պաշտպանեցին առաջարկությունը։ Կազմվեց եռյակ ջոկատ, որը մի քանի ժամ դաշտում թափառելուց հետո վերադարձավ.

— Հանդերը տակն ու վրա արինք, դաշնակցական չգտանք։ — Լավ է— հայտարարեց Բալաբեկը։ Դուք ձեր պարտքը կատարեցիք։ Արձանագրեք, որ մեզ մոտ բանդիտներ չկան...

Գավկոմը աչալուրջ հետևում էր, որ գյուղական վայրերում «թշնամի տարրեր» չխցկվեն կոմկուսի կազմի մեջ։ Գրեթե ամեն շաբաթ ահազանգեր էին ստանում սարերում կատարված սպանությունների ու կողոպուտների մասին, որ «կատարում էին «հակահեղափոխականները» և «բանդիտական» տարրերը։ Դդմաշննը ևս հրահանգ ստացավ «հակահեղափոխական տարրերից» կոմբջիջը մաքրելու մասին։ Բալաբեկ Գրիգորյանը տարակուսանքի մեջ էր։ «Ո՞ւմ զտեմ... ո՞ւմ ասեմ՝ դա հակահեղափոխական ես»։


Երկար մտորումներից հետո ելքը գտավ։ Կոմբջիջում լսեց հարցը և կայացրեց որոշում. «Ուշադրություն դարձնել, կասկածավոր, գործից խուսափող ընկերներին, նմաններին իսկույն դուրս շպրտել կուսակցության շարքերից»։ Մայիս ամիսն ավարտվում էր, սակայն, գյուղում շատ ընտանիքներ ցանքս չէին կատարել։ Մեկը սերմացու չուներ, մյուսը՝ սերմացու ձեռք էր բերել, հողը վարող չկար։ Բալաբեկ Գրիգորյանին դիմում էին աղերսներով. «Հայր ես, եղբայր ես, բոլշևիկ ղեկավար ես, օգնիր մեզ»։ Կանանց ժողովը որոշում կայացրեց դիմել շրջկոմին, «...մեզ,