Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պահանջվեց սովորողների վերաբերյալ։ Պարզվեց, որ դպրոցն ունի 164 աշակերտ։ Կազմվել է հինգ խումբ։ Հասակավորների խմբում ընդգրկված են 34 հոգի։ Նոր խումբ բացելու համար հարկավոր է լրացուցիչ ընդունել մեկ ուսուցիչ և ձեռք բերել նստարաններ։ (ն.տ., թ. 4)։ Այս մասին տեղեկանալով, Բալաբեկ Գրիգորյանը ձեռքը խփեց ճակատին.

- Թյու... այ թե ինչպե՞ս կորցրի լավ առիթը... Մեծ քթին կարելի էր հասկացնել, որ դդմաշենցինները մի քիչ կռվարար են, բայց ճշմարտախոս... կասեի՝ արի դու վարժապետ եղիր, մենք հրահանգը կատարենք... Չնայած ձմռան ճքճքան ցրտին, գրասենյակը չէր տաքացվում։ Բալաբեկը տեղում քիչ էր նստում։ Ավելի հաճախ լինում էր գյուղխորհրդի գրասենյակում, որտեղ վառարան կար և աթար էին վառում։ Նախագահի առանձնասենյակը նախանձելի տաք էր։

Հունվարյան մի ցուրտ օր Բալաբեկը բաց արեց դուռը, ներս մտավ, դեռ չէր հասցրել բարևել, Սիմոն Հովհանիսյանը բացականչեց.

— Օ՜, լավ ժամանակին եկար.. վերարկուդ հանիր...

Բալաբեկը վերարկուն հանեց, կախեց պատին խփված մեխից, նստեց վառարանի մոտ ու ձեռքերը շփեց.

— Լավ տաք է... ի՞նչ կա..․

— Տերիտորիալ գունդ կազմակերպելու հրահանգ է ստացվել։

Բալաբեկը զարմացավ.

— Ի՞նչ տերիտորիալ գունդ... Ո՞վ է ծառայելու...

— Հրահանգը կարդա։

Հրահանգը կարդաց։ Պահանջվում էր հաշվի առնել, որ գյուղատնտեսական աշխատանքները հաճախ տուժում են աշխատավոր ձեռքի բացակայության պատճառով։ Կարմիր բանակում ծառայողության հետ կապված դժվարությունները վերացնելու նպատակով, տեղերում կազմակերպել տերիտորիալ զինված գնդեր։ Ռազմական ուսուցումը կազմակերպել առանց աշխատանքից կտրվելու։

— Այս գործը հանձնարարենք Աբրահամ Նազարեթյանին — առաջարկեց Բալաբեկը։

Տերիտորիալ գնդի կազմակերպումը համարվեց 1924թ․ խոշոր միջոցառումներից մեկը։

Շատ էին խոսում խրճիթ-ընթերցարանի մասին։ Ցանկացողները շատ էին, սակայն չկար ազատ սենյակ։ Բալաբեկ Գրիգորյանը որոշեց շրջել գյուղում, գործը գլուխ բերել։ Ո՞ւմ դուռը թակում էր, տուն էին հրավիրում։ Բալաբեկը նայում էր սենյակները, մեկը ինքը չէր հավանում, մյուսը՝ տանտերն էր հրաժարվում վարձով տալ։