Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Պարտավորեցնել Թաքս գնացող ընկերներին, որ համերաշխություն մտցնեն ընկերների մեջ (ն.տ․թ.33)։ Խրճիթ-ընթերցարանը գործում էր։

Խրճիթվարը Վիրաբ Գալստյսնն էր։ Նա մեծ ջանասիրությամբ Ստեփան Հակոբյանի տան պատերը զարդարեց առաջնորդների նկարներով, մի անկյունում դրեց գյուղխորհրդի և Ադրբեջանից ուղարկված կարմիր դրոշները, պլակատների մի փաթեթ ու փայտյա կոպիտ պահարանի մեջ դասավորեց գավկոմի միջոցով ձեռք բերված գրքերը։ Երկար սեղանին, որի վրա կարմիր սփռոց էր փռված, դասավորել էր լրագրերը։ Սեղանի շուրջը դրված էին իշոտնուկներ։ Այստեղ էին անցկացնում անգրագիտության վերացման և բնագիտության պարապմունքները։ Կազմակերպում էին թերթերի, գրքերի ընթերցանություն։ Իսկ, երբ կանանց ժողով էին անցկացնում, տղամարդկանց չէր թույլատրվում ներս մտնել... Վիրագն բացառություն էր արվում։

— Հը, Վիրաբ կանայք ի՞նչ որոշեցին,— մի անգամ ժողովից հետո հարցրին նրան։ Պատասխանեց.

— Կինը ինչքան էլ ժողով անի, սագը ես եմ մորթելու, փլավն ինքն է եփելու...

Կուսակցությունն ամեն միջոցի դիմում էր, որ սրի դասակարգային պայքարը, որպեսզի «կուլակները» չընտրվեն գյուղական խորհրդի կազմում։ Որոշեցին կազմել չքավորների ֆրակցիա։ Պահանջեցին, որ նրանք լինեն ավելի ակտիվ։

Հարևան գյուղերում արդեն հիմնում էին հողօգտագործման արտելներ։ Դդմաշենցիների որոշումը մնացել էր թղթի վրա։ Ի վերջո գավկոմից ահազանգ ստացվեց, որ արագացնեն։ Դեկտեմբերի 27-ի նիստում կրկին լսվեց հարցը։ Որոշեցին պարտավորեցնել կուսանդամներին, որ անդամագրվեն արտելին։

1925 թվականին կանայք ավելի ակտիվ էին, քան նախորդ տարիներին։ Հաճախ կազմակերպվում էր ընթերցանություն բնագիտություն առարկայից։

Նպատակը պարզ էր կանանց մեջ ներարկել աթեիստական գաղափարներ։ Չնայած անվերջ թմբկահարվում էր կնոջ ազատության մասին, այնուամենայնիվ շատ ամուսիններ արգելք էին հանդիսանում, որ իրենց կանայք մասնակցեն կին-պատգամսվորական ժողովներին։ Ծայրահեղ դեպքում, սպասում էին մուտքի մոտ, փողոցում, մինչև ժողովն ավարտվում էր, ապա մռայլ ու նեղացած, կանանց ուղեկցում էին տուն։

Կանանց կազմակերպության սիրտն ու հոգին Սիրուշ Ամիրյանն էր։