Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Ինչի՞ վրա ես հույս դրել, որ տոկոսով հացահատիկ ես վերցնում, գնա արտագնա աշխատանքի, վաստակի բեր, տունդ պահիր։

Սակայն Երվանդը վստահ էր, որ բոլոր դեպքերում հաշվի կառնեն իր հեղափոխական անցյալը։

— Անցածը անցել է։ Սա տալիք առնելիք է։ Կուսակցությունը քեզ հետ առևտուր է անում,— կրկին նախազգուշացրեց Արիստակեսը։

Երվանդը դիմեց կոմբջջին, խնդրեց թույլատրել մեկնելու արդյունաբերական շրջաններ, որ աշխատի, պարտքը փակի։ Բջիջը թույլ չտվեց, նաև մոռացավ Երվանդի «հեղափոխական անցյալը»։ Հունվարի 24-ի ժողովի արձանագրության մեջ կարդում ենք.

«...Ի նկատի ունենալով, որ բջջի անդամներից ոմանք մինչև օրս ՓՕԿ-ի պարտքը չեն մուծել.. Նիստ՝ որոշեց, խոստացող ընկերներին պարտավորեցնել, որ մեկ օրվա ընթացքում վերադարձնեն իրենց պարտքը։ Իսկ Երվանդ Մաթևոսյանի գործը, որը զանազան պատճառաբանություններով ձգձգում է պարտքի վճարումը, որոշեց ուղարկել գավկոմի հայեցողությանը»։

Հողերի վերաբաժանման խնդիրը օրօրի հասունանում էր։ Գյուղի ուժեղներն իրենց ձեռքում էին կենտրոնացրել սարի ու մյուս տարածքների լավագույն հողերը։ Կոմբջիջը անընդհատ սրում էր հողերի վերաբաժանման հարցը։ 1926 թվականի հունվար-փետրվար ամիսներին, երբ գյուղը նախապատրաստվում էր գարնանացանի աշխատանքներին, կոմբջիջը կրկին ու կրկին բարձրացրեց այդ հարցը։ Շատերն էին հասկանում, որ հողերի վերաբաժանումը օրակարգի հարց է և ոչ մեկը չէր ցանկանում իրենից սկսել։

1926-ի մարտին, կոմբջջի վերընտրական ժողովում Արմենակ Հայրապետյանն ամեն ջանք գործադրեց, որ չվերընտրվի բյուրոյի քարտուղարի պաշտոնում։ Քարտուղար ընտրվեց Առաքել Սիմոնյանը (Ը.տ,թ.17)։ Երվանդ Մաթևոսյանը կոմբջջի հերթական նիստից հետո զրույցի բռնվեց նոր քարտուղարի հետ.

— Առաքել, ես ուշադիր ծանոթացա քո աշխատանքային պլանին, շաբաթական ունենալ մեկ ժողով, անցկացնել կանանց միջազգային տոն, ինքնակալության տապալման տոն, Փարիզի կոմունայի տոն։ Ամեն օր ունենալ քաղպարապմունք... Շարունակեմ... (ն.տ, թ.19)։

— Ի՞նչ ես ուզում ասել— հարցական հայացքն ուղղելով նրան, խոսեց բջջի քարտուղարը,— քո կարծիքով գործ չանե՞նք։

— Ես էլ դա եմ ասում։ Գործ անենք, որից հաց ստանանք։ Ամեն օր կանչում եք քաղպարապմունքի, ես ե՞րբ աշխատեմ, որ ՓՕԿ-ի պարտքը տամ։