Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կոմբջիջը որոշեց. «..Հեռացնել բջիջից Ավագ Ստեփանյանին, Արուսյակ Նահապաետյանին, Նազանի Գալստյանին, որոնք ընդունված օրից բոլորովին չեն հաճախել ժողովներին և չեն մասնակցել բջջի աշխատանքներին (ֆ.9, Գ.538, ց.1, թ.31)։

Երբ այս մասին տեղեկացրին Ավագ Ստեփանյանին, խորը շունչ քաշեց ու ասաց.

— Վերջապես հոգիս ազատվեց։ Գնամ գործ ճարեմ, գերդաստանս պահեմ։ Էլ չեմ սպասի բջիջը թույլ կտա, թե չի տա...։

Ի՞նչ մտածեցին Արուսյակն ու Նազանին, հայտնի չէ։ Սակայն նրանց ընտանիքների անդամները հավանաբար գոհ էին բջիջի որոշումից։

Կուսկազմակերպության քարտուղարի պարտականություններից ազատվելուց հետո էլ Բալաբեկ Գրիգորյանը աչք չէր բացում կուսակցական գործերից։ Բջիջը նրան առաջարկեց ագիտ-պրոպ բաժնի ղեկավար։ Այդ անհանգիստ բնավորության տեր մարդը միշտ հետաքրքիր էր դարձնում աշխատանքը։ Ելույթներ էր ունենում քաղաքական իրադարձությունների շուրջը, դասախոսություններ էր կարդում բնագիտական թեմաներով։ Նրա ջանքերով ստեղծվեց ագիտ. պրոպ. կոլեգիա, որի կազմում ընդգրկվեցին Առաքել Սիմոնյանը, Արմենակ Հայրապետյանը, Ալեքսան Վարդանյանը, Անդրանիկ Հարությունյանը, Սիմոն Հովհաննիսյանը, Ավետիս Հակոբյանը, Լիգա Առուշանյանը, Մանյա Մանուկյանը։

Բարեմիտ մարդ էր Բալաբեկը։ Միջոցառումների օրերը որոշելիս առաջին հերթին հաշվի էր առնվում, թե ովքե՞ր կարող են մասնակցել, ովքեր այդ օրը զբաղված են։ Միշտ առաջնահերթ էր համարում տնային գործերը, վար ու ցանքսը։

— Բալաբեկի հետ հագար տարի աշխատես, չես հոգնի,— ասում էին գյուղում։

Բայց Բալաբեկն ինքը հոգնում էր տքնաջան աշխատանքից։ Դժվար էր Առաքել Սիմոնյանի գործը։ Կուսակցական կազմակերպության գործերն այնքան շատ էին, որ ժամանակ չէր մնում տնային գործերով զբաղվել։ Ի վերջո տնտեսությունը հասավ քայքայման եզրին։

— Առաքել ջան, տեսնո՞ւմ ես այդ գործը քեզ հաց ու ջուր չի տալիս, թող հիմա էլ ուրիշն անի։ Դուրս արի, գնա վաստակ բեր։ Տեսնո՞ւմ ես մարդիկ մեկ-երկու ամսով գնում են ուրիշ տեղեր, փող են բերում, հաց են առնում, տուն են նորոգում։ Դու բռնել ես կուսակցության պոչից։ Էս մարտի ութն է, էս մայիսի մեկն է, էս Փարիզի կոմունա... Դրանցով զբաղվելու համար կուշտ պիտի լինել...