Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոմանք մորթում էին, միսն էին վաճառում։ Կոլվարչության նախագահ Ս․Հովհաննիսյանը պահանջեց կուսակցական ժողով հրավիրել, հարցը լսել։ Նախ խոսվեց կոլտնտեսության անասունների վիճակի մասին։ Ս.Ավետիսյանը հայտարարեց. «Խոզաբուծական ֆերման այնքան կորուստներ է տալիս, որ իր վրա դրված ծախսերը չի փակում,— ապա ավելացրեց,— կոլտնտեսականները իրենց անասուններին մորթում են կեր չունենալու պատճառով։ Մենք միջոցներ չենք ձեռնարկում նրանց անասնակերով ապահովելու ուղղությամբ...» (Շ.տ., թ.1)։

Նրա խոսելու ընթացքում նախագահը գլխի դրական շարժումով իր համաձայնությունն էր հայտնում։

Արմենակ Հայրապետյանն շտապեց իր կարծիքը հայտնել.

— Կոլտնտեսականներն իրենց սեփական կովերը վաճառում են, մենք նրանց ցածր գին ենք առաջարկում։ Կոլտնտեսականը նպատակահարմար է գտնում վաճառել շուկայում։ Իսկ ի՞նչ վիճակում են ֆերմայի գոմերը։ Բավական է հիշել, որ գոմի պատուհանները մինչև հիմա ապակեպատված չեն։

Ս․Հակոբյանը բորբոքված ոտքի ելավ.

— Այդ բոլորը ճշմարիտ է։ Մոռանում ենք նաև ասել, որ բրիգադիրները չեն պայքարում անասնակերի գողության դեմ։ Մենք պետք է խորապես գիտակցենք, որ մեր կոլտնտեսականներն ապրում են անասնապահության շնորհիվ։ Հարկավոր չէ մտածել, թե ինչպե՞ս նրանից վերցնենք անասունները։ Հարկավոր է նրանց անասնակեր բաժանել։ Ես հաշվարկել եմ, որ պետք է գոնե ութ հարյուր ցենտներ անասնակեր բաժանել կոլտնտեսականներին։ Որոշեցին, կազմակերպել կոլտնտեսականների անասունների գնումը և նրանց բաժանել 800 ց անասնակեր։

1942թ. գարնանացանի օրերին զինծառայողների ընտանիքներին օգնելու խնդիրը դարձավ օրակարգի հարց։ Առանձնահատուկ կարևորություն ստացավ կարմիր բանակին տաք հագուստ ուղարկելու խնդիրը։ Այդ գործում ամենակարիքավոր ընտանիքն էլ իր օգնությունն էր ցուցաբերում։

Ավարտվեց պատերազմը։ Թվում էր, թե այլևս չեն վերադառնա բռնությունները։ Խորհրդային ժողովուրդը կյանքով ու մահով ապացուցեց, որ նվիրված է հայրենիքին։ Չկան դավաճաններ։ Տասնյակ հազարավոր «լրտեսների», միլոնավոր «հակահեղափոխականների» մասին Չեկայի ահազանգերը կեղծ էին, սպանություններն՝ անհարգի։ Սակայն, զղջումի ոչ մի խոսք։ Ոչ մի նահանջ սեփական ժողովրդի նկատմամբ