Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարորդներն իրենց ավտոմեքենաներով, լաստանավերով տեղափոխվում են Օդեսա, այնտեղից՝ ռազմաճակատ։

Պահպանվում են նրա առաջին և վերջին նամակները։ Կնոջը՝ Անահիտին գրամ է. «Սիրելի Անահիտ, մեկնում եմ ռազմաճակատ։ Բոլորիս նպատակն է ծնկի բերել անարգ թշնամուն և տուն վերադառնալ հաղթանակած։ Եթե չվերադառնամ... չվշտանաք։ Ջերմ բարևներով՝ Աշոտ»։ 1942-ի դեկտեմբերին անհավասար մարտերից մեկի ժամանակ ընկնում է շրջապատման մեջ և մի քանի ընկերների հետ գերվում է։ Տանում են համակենտրոնացման ճամբար։ Այստեղ հանդիպում է համագյուղացի Աշոտ Փանոսյանին։

Պատերազմից վերադարձած Աշոտ Փանոսյանը պատմել է, որ մի քանի ընկերներով միացել, կազմել էին փախուստի պլան։ Մի սրիկա այդ մասին տեղեկացրել էր գերմանացիներին։ 1943-ի մարտին, վտանգելով իրենց կյանքը, Աշոտն իջևանցի երկու ընկերների հետ ճամբարից դուրս գալով, դիմում է փախուստի։ Զոհվում են գերմանացի ժամանապահի ավտոմատի կրակահերթից։

Նա երեսունմեկ տարեկան էր։

ՍԱՐԻԲԵԿ ՄԵԼԻՔԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

1932-ին ընտանիք կազմեց, ընդունվեց կոլտնտեսության շարքերը, աշխատեց մինչև պատերազմը։

1941-ի օգոստոսին, տանը թողնելով հինգ անչափահաս երեխաներ, յոթանասունչորս համագյուղացիների հետ մեկնեց բանակ։ Մասնակցեց մի քանի մարտերի, 1943 թվականի հունվարի 23-ին ընկավ քաջի մահով։ Գվարդիական զինվորը թաղված է Կրասնոդարի մարզի Սևերսկոյե շրջանի «Կուլտուրնի» կոչվող եղբայրական գերեզմանոցում։

ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

1939-ին զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Ուկրաինայում, Լիպեցկ քաղաքում։ Զորավարժությունների ժամանակ աչքի է ընկնում ռազմական գործի իմացությամբ ու կարգապահությամբ։ Ընդունվում է սպայական դպրոց, ավարտելուց հետո ստանում է լեյտենանտի կոչում և նշանակվում վաշտի հրամանատար։ 1940 թվականի փետրվարին, մի խումբ սպաների հետ, տեղափոխվում է Ռիգա։ Այստեղ էլ դիմավորում է պատերազմը։