Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԱՉՔԱՐ

Խաչքարը ագուցված է եկեղեցու բեմին։ Քարի դիմային մակերեսին կամարաձև խորանով ամփոփված նրբահյուս հիմնախաչն է, որի թևերն ունեն եռատերև ավարտ։ Եզրագծին և քիվատակ հատվածը հարդարված են խաչապատկերներով և երկրաչափական զարդանախշերով։ Քիվին կա փորագիր արձանագրություն (մեկ տող), կերտված է գորշ բազալտից։ Խաչքարային արվեստի ուշագրավ գործերից է։ Արժեքավոր է 15-16-րդ դարերի տառաձևերի ուսումնասիրման առումով։ Խաչքարը մոմից սևացած է, երկու կողմից ծածկված է սվաղով։

Խաչքարի արձանագրությունը վկայում է. «ՍԲ Խ <Ա> ՉՍ ԲԱՐ <է> ԽԱ <ՒՍ> ԵՂԻՇԻ <Ն>»: 95x 52 սմ

ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ԽԱՉՔԱՐԵՐՈՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՇՈՒՐՋ

Գերեզմանոցը գտնվում է գյուղամիջում Թադևոս Առաքյալ եկեղեցու մոտ։ Նոր հատվածների հետ միասին զբաղեցնում է մոտ 2 հա տարածք։ Գյուղամիջյան ճանապարհով բաժանվում է երկու հիմնական մասերի։ Հարավային հատվածը անմիջապես եկեղեցու շուրջն է, այն առնված է քարե պարսպի մեջ։ Այստեղ կան 10-16-րդ դդ. 6 ամբողջական խաչքար (երկուսն արձանագիր), մի արձանագիր խաչքարը դրված է եկեղեցու բեմին, իսկ մի քանի վաղ շրջանի խաչքարեր և բեկորներ պարսպի շարվածքի մեջ են։ Կան նաև մի քանի սալատապաններ և տապանաքարեր (19-րդ դար)։ Հյուսիսային հատվածում կիսամշակ, անմշակ քարից սալատապաններ են շատ խիտ դասավորությամբ։ Մի քանիսի վրա պարզ խաչեր կամ մարդկային սիմվոլիկ պատկերներ են։ Այստեղ-այնտեղ ընկած են խաչքարերի բազմաթիվ բեկորներ (9-16-րդ դար)։ Նոր թաղումները հյուսիսային մասում են։ Շինանյութը բազմերանգ բազալտն է։

ԽԱՉՔԱՐ

Գտնվում է եկեղեցու մոտի գերեզմանոցում։ Հենված է նրա հարավային պատին։ Քարի դիմային մակերեսին ձգված հյուսքազարդ հիմնախաչն է, որի թևերն ավարտվում են վարսանդապտղային զարդերով։