ԱՐԱՄԱՅԻՍ ՎԱՆՈՅԻ ՍԻՄՈՆՅԱՆ
Արամայիսի հայրը՝ Մաթեյ Վանոն, բարեսիրտ մարդ էր։ Արամայիսը սովորել է գյուղի դպրոցում։ Գյուղի կոլտնտեսության հաշվետարն ու գանձապահն էր։ Երբ սկսվեց պատերազմը, առաջին իսկ շաբաթում զորակոչվեց բանակ, մեկնեց ռազմաճակատ։ Սևանի զինվորական կոմիսարիատի հաշվառման գրքում կարդում ենք. «Արամայիս Վանոյի Սիմոնյանը զոհվել է ռազմաճակատում, 1941թ. դեկտեմբերին»։
ԱՆԴՐԱՆԻԿ ՏԵՐ-ՍԱՀԱԿԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հայրը՝ Տեր-Սահակը, գյուղի քահանան էր։ Հորից գրագիտություն սովորեց։ Երիտասարդական տարիներն անցան Բաքվում։ Աշխատում էր Բաքվի նավթահանքներից մեկում, նավթ մղող պոմպակայանում։ Ամուսնացավ, տուն-տեղ դրեց։ Պատերազմն սկսվելուն պես մեկնեց գործող բանակ։ Կռվեց Կերչում։ 1942 թվականին վիրավորվեց։ Բուժվեց Ռոստովի մարզի հոսպիտալներից մեկում։ Կնոջը՝ Վարսեիկին, զավակներին հայրենասիրական նամակներ էր գրում։ Վերջին նամակը ծրարվել է Ռոստովում, որից հետո այլևս նամակ չստացվեց։ 1943թ. դեկտեմբերին կտրվեց Անդրանիկի կյանքի թելը։
ՆԵՐՍԻԿ ԿԱՐԱՊԵՏԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ներսիկը բազմազավակ գյուղացու որդի էր։ Գյուղի միջնակարգը դպրոցի 1941-1942 ուստարվա շրջանավարտներից էր։ Երազում էր գյուղատնտեսական կրթություն ստանալ։ Բայց պատերազմ էր։ Դասընկերների հետ կամավորագրվեց զինվորական ծառայության։ Ծառայեց Հայաստանում տեղաբաշխված զորամասերից մեկում։ Շատ չանցած մեկնեց Առաջին Բելոռուսական ռազմաճակատ։ 1943-ի օգոստոսին ծնողներն ստացան նրա առաջին և, ավաղ, վերջին նամակը։ Ներսիկը գրել էր, որ ինքը հետախուզական ջոկատի հրամանատար է, ջոկատի մարտիկների հետ կատարում է իրեն հանձնարարված մարտական առաջադրանքները։ Թեթև վիրավոր է և գտնվում է սանիտարական գումարտակի բուժկետում։ Մի քանի օր հետո նորից կմեկնի ռազմաճակատ։ Դա եղավ նրա վերջին մեկնելը։ Սևանի զինվորական կոմիսարիատում ստացվեց Ներսիկի «սև թուղթը», ուր գրված է. «Հավատարիմ մնալով իր