Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵԼՔՈՆ ԵՐԵՄԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մելքոն Վարդանյանը մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Կաքավաձոր գյուղում։ Կրթությունն ստացել ու ծառայել է Բաքվում։ Զորացրվելուց հետո ամուսնացել ու վերադարձել է գյուղ։ Վայելչակազմ երիտասարդ էր։ Միակ ուսուցիչը, որ երբեք գլխարկ չէր ծածկում։

Աշակերտներին արիության, հայրենասիրության դասեր էր տալիս, կազմակերպում հետաքրքիր արշավներ, էքսկուրսիաներ։ Նա մի քանի անգամ դահուկներով վազք է կատարել մինչև Սևանի ՀԷԿ-ի շինարակական տեղամաս։ Հիշում եմ, ինձ գործուղել էին Թբիլիաի: Այնտեղ ես պատահական հանդիպեցի համագյուղացի Բալաբեկ Մելիքյանին (ժամապահ էր զորամասում)։ Նա ինձ հայտնեց, որ մեր սիրելի ուսացիչը ռազմաճակատում վիրավորվել է և բուժվում է մոտակա զինվորական հոսպիտալում։ Հերթափոխի ավարտից հետո գնացինք տեսակցության։ Ջերմ զրուցեցինք։

Ապաքինվելուց հետո նորից մեկնել է ռազմաճակատ։ Այն ժամանակ մեր մտքով չէր անցնում, որ նրան տեսնում ենք վերջին անգամ։ Մելքոն Վարդանյանը կյանքով լեցուն մարդ էր։

Բելոռուսիայի ազատագրման համար մղված մարտերին մասնակցելիս 1944թ. փետրվարի 8-ին զոհվում է 115-րդ հրաձգային գնդի սերժանտ Վարդանյանը։ Թաղված է Վիտեբսկի մարզի Ռումլինսկի շրջանի Տրապինո գյուղի եղբայրական գերեզմանոցում։ Գերեզմանոցի հուշահամալիրի վրա փորագրված է. «Մեզ համար թանկ է յուրաքանչյուր անունը և քո անմահ սխրանքը, զինվոր, 1941–1945թթ․»։

Վարդանյանի որդին՝ Ռոբերտը, Մինսկից նամակ էր ստացել, ուր գրված է. «Պ. Բրովկայի անվան «Բելոռուսական Սովետական հանրագիտարան» հրատարակչությանը պատրաստվում է հրատարակելու Բելոռուսիայի ժողովրդի հերոսական պայքարի տարեգրությունը։ Կհրապարակվեն Բելոռուսիայի համար կռված անխտիր բոլոր զինվորների անունները։ Ձեր հայրը թաղված է մեր հողում, ուղարկեք, եթե պահպանվել են, լուսանկարներ, փաստաթղթեր, զինվորական նամակներ։

Հարգանքներով՝ ԲՍՀ-ի գլխավոր խմբագրի տեղակալ Պետաշկևիչ»։

Ռոբերտը այցի գնաց հոր գերեզմանին։