ԱԲԵԼ ՍԱՐԳՍԻ ՇԻՐԻՆՅԱՆ
Տաս տարեկան հասակում Աբելը զրկվում է հորից։ Նրա խնամքն ու դաստիարակությունը վերցնում է նրա ավագ եղբայրը՝ Քալանթարը, որը Բաքվի նավթարդյունաբերական ձեռնարկություններից մեկում հաշվային աշխատող էր։ Աբելը սովորում էր Բաքվի երեկոյան դպրոցում, ցերեկներն՝ աշխատում։ 1928-ին վերադառնամ է գյուղ։ Աշխատում է Լճա– շեն գյուղի ակումբի վարիչ։ Ամուսնանում է ուսուցչուհի Մարգո Սավզյանի հետ։ Տարիներ անց տեղափոխվում են Երևան։ 1942-ին աշխատում է Երևանի քաղաքային կոմիտեում, այնուհետև ՀԿ(բ)Կ Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնում։
1945-ին ընդունվում է մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ Ընտրվում են կուսակցական կազմակերպության քարտուղար։ Ինստիտուտն ավարտելուց հետո ընդունվում է նույն ինստիտուտի ասպիրանտուրան։ Պաշտպանելով թեկնածուական դիսերտացիա, ստանում է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1950-ից մինչև կենսաթոշակի անցնելը աշխատում էր Երևանի և Կիրովականի մանկավարժական ինստիտուտներում որպես դասախոս։ Վախճանվեց 1984 թվականին։
Աբելը աննահանջ բնավորության տեր մարդ էր։ Նրա աշխատասիրությունը չափ չէր ճանաչում։ Կարող էր գրասեղանից չհեռանալ մինչև լուսաբաց։ Անսահման ճշտապահ էր ու կամեցող։ Եթե կա մեկը, որին Շիրինյանի շառավիղները կամենան նմանվել, թող լինի Աբելը։
ՀԵՇՏ ԴԱՍԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ
Գարունները գալիս են գնում, մնում է բարիքը։ Ծաղիկները ծաղկում են, թառամում, մնում է հմայքը։
Մեր Մարգոն գարնան պես արևային հոգի ուներ ու ծաղկի քնքշություն։ Վաղ հասակում որբացավ հորից։ Բարի մարդկանց օգնությամբ ընդունվեց Նոր Բայազետի (այժմ Գավառ) ծխական դպրոցը։ Ապա ավարտելով տեղի երկրորդ աստիճանի դպրոցը, նշանակվեց Օրդակլու (այժմ Լճաշեն) գյուղում որպես ուսուցչուհի։
Ամուսնանալով Աբել Շիրինյանի հետ, կազմեց համերաշխ ընտանիք։ Մարգոն աշխատում էր Դդմաշենի դպրոցում։ 1934 թվականից սովորեց Երևանի նորաստեղծ հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։