Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաթը, դարձնում յուղ, պանիր և վերադարձնում գյուղացիներին)։ Այս արտելի փորձի հիման վրա էլ հետագայում կազմակերպվեց կոլեկտիվ տնտեսությունը։

1928-ՅՕթթ. աշխատել է կոլտնտեսության դաշտում, իսկ 1937–38թթ. եղել է պահեստապետ։ Մասնակցել է կուսակցական ակտիվի համար կազմակերպված դասընթացներին։ Ընտրվել է կուսակցության կազմակերպության նախագահ։ Արժանացել է կառավարական պարգևների։ 1965-ից անցել է կենսաթոշակի։ Աշխատասիրությամբ ամուսնուց հետ չի մնացել կինը՝ Սիրունը։ 1931-ից կուսակցության անդամ, Սիրունը դարձավ մեր գյուղի կանանց շրջանում հասարակական աշխատանքների կազմակերպիչներից մեկը, մսուր-մանկապարտեզի անդրանիկ վարիչը։ Խաչատուր և Սիրուն ամուսինները ունեցել են 15 զավակ, 60-ից ավել թոռ ու ծոռ։

Խաչիկ Հակոբյանը 30-ական թվականների փորձություններից դուրս եկավ մաքուր։ Աշխատասիրությամբ, արդարամտությամբ վեհացավ, հայրությամբ մեծարվեց զավակների կողմից։ Ճշմարիտ ապրեց գիտակցական կյանքը։

ՍՈՂՈՄՈՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

1933-ին Սողոմոնն անդամագրվեց Սևանի ՀԷԿ-ի շինարարական կոլեկտիվին։ Սևագործ բանվոր էր։ Հրազդան գետի հունը փոխելու համար ժայռեր էին պայթեցնում։ Վերջին պայթյունի ժամանակ ծանր մարմնական վնասվածք ստացավ։ Ձեռնափայտով էր շրջում։ Ի վիճակի չէր ֆիզիկական աշխատանքի։ Վերադարձավ գյուղ։ Կոլտնտեսությունում հաշվային աշխատող դարձավ։ Ավարտեց երեկոյան դպրոցը, ընդունվեց կոմկուսի շարքերը։ Երկրորդ աշխարհամարտի առաջին իսկ օրերին Սողոմոնի չորս եղբայրները զորակոչվեցին։ Բազմանդամ ընտանիքի հոգսը ծանրացավ նրա վրա։

1946-ին ավարտեց Երևանի մանկավարժական ինստիտուտին կից ուսուցիչների պատրաստման միամյա դպրոցը, աշխատեց գյուղի դպրոցում։ 1948-ին ընտրվեց Գյուղխորհրդի նախագահ։ 1949 թվականին գյուղխորհրդի նախագահ էր, երբ ծնողներին, եղբոր՝ Շահենի ընտանիքի հետ աքսորեցին։ Ականատեսների վկայությամբ, ներքին զորքերի ծառայության զինվորները հրացանի խզակոթով հարվածել էին աքսորյալ ընտանիքին օգնող Հայկ Սողոմոնյանին և ուսի անրակի ոսկորը կոտրել։ Համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո,