Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հնձեց, հավաքեց, դիզեց։ Երկրորդ գիշերը գնաց դաշտ զոքանչի՝ Մաթեյ Ղումաշի արտն հնձելու (Ղումաշի երկու տղաները գործող բանակում էին)։ Կոլտնտեսության նախագահը դաշտում շրջելիս, լսում է գերանդու ձայն։ Մոտենում, տեսնում է Թորգոմին։ Հաջորդ օրը նրան հրավիրում է գրասենյակ ու ասում.

— Եթե վաղը գերանդին ուսիդ չգնաս դաշտ, զինկոմիսարիատի միջոցով ռազմաճակատ կուղարկեմ։

Թորգոմը համաձայնվում է։ Սակայն հաջորդ օրը դաշտ գնալու փոխարեն, մեկնում է Երևան՝ մշտական բնակության։

ԿՆՅԱԶԸ

Կնյազը ռուսական իշխան բառի թարգմանությունն է, որը Հայաստանում դարձել է հատուկ անուն։

Դդմաշենի երբեմնի տիրացու Կնյազը իրեն պահում էր անվանը վայել։ Քանի դեռ եկեղեցին գործում էր, նա առաջինն էր մտնում եկեղեցի, կատարում էր ծառայությունը, ապա դուրս էր գալիս գյուղամեջ՝ իր հրաշալի «տուլուբը» ուսերին գցած։ Իսկ երբ գարուն էր, հագնվում էր ճաշակով ու զրույցի էր բռնվում գյուղամիջում հավաքված համագյուղացիների հետ։ Երբ եկեղեցին փակվեց, հոգևորականները ենթարկվեցին հալածանքների։ Կնյազի որդիները՝ Աշոտը, Մանուկը, Գուրգենը զբաղվեցին հողագործությամբ։ Աշխատում էին կոլտնտեսությունում։ Նրանց ձիերն ու լծկան անասունները բռնի կերպով միացրին կոլտնտեսության ունեցվածքին։ Սակայն Կնյազը չկորցրեց իր երբեմնի հպարտությունը։ Ամեն օր դուրս էր գալիս գյուղամեջ կոկիկ հագնված, սափրված, բեղերը սրած, հիասքանչ քուրքը ուսերին, կնյազավարի կանգնում էր գյուղամիջում։

1953թ. ձմռանն էր։ Դպրոցի տնօրենը հիվանդացավ։ Հարկավոր էր սահնակով շտապ տեղափոխել Սևան՝ հիվանդանոց։ Իմ խնդրանքով Կնյազը սիրահոժար տրամադրեց քուրքը, որ հիվանդը ծածկվի։ Սևանից վերադառնալիս ձյուն էր տեղացել։ Սանկչի Արշակը, որը հիվանդին սահնակով փոխադրել էր Սևան, չէր իմացել, որ անձրևի ու ձյան ժամանակ քուրքը պետք է շրջել, որ չխոնավանա։ Խոնավ վիճակում հանձնել էր տիրոջը։

Օրեր անց, գյուղամիջում հանդիպեցի Կնյազին։ Բարևեցի։ Բարևս վերցրեց ու ասաց.

— Տուլուբը պետք է տալ տուլուբի ղադրը իմացողի։