Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՇԽԵՆ ՈՍԿԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գերազանցության դիպլոմով ավարտելով Երևանի երկամյա գյուղատնտեսական դպրոցը, աշխատում էր կոլտնտեսությունում որպես գյուղատնտես։ 1942թ. դեկտեմբերին զորակոչվում է։ Ծառայությունն անցկացնում է որպես գթության քույր։ Մարտական խիզախության համար պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով։ Զորացրվելուց հետո աշխատել է կոլտնտեսությունում որպես ծխախոտագործների դաշտային բրիգադի բրիգադավար։

ԱՂՎԱՆ ՍԱՐԻԲԵԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԿՈՆՁՈՅ ԱՂՎԱՆ)

1939-ին մասնակցեց սովետա-ֆիննական պատերազմին։ Ավարտից հետո որպես տանկիստ փոխադրեցին Բելոռուսիայի սահմանապահ զորամասերից մեկը։

1941 թվականի հունիսին կոփված զինվորը հայտնվեց մարտնչող բանակի 37-րդ զորամասում որպես տանկիստ։

Բարանովիչ քաղաքի պաշտպանության մարտերում ծանր վիրավորվեց։ Ապաքինվելուց հետո, վերստին գործուղվեց ռազմաճակատ։ «ԿՎ» ծանր տանկով մասնակցեց Բելոռուսիայի, Լեհաստանի ազատագրմանը։ Զորացվեց։ Երկար տարիներ աշխատեց որպես տրակտորիստ։ 1949 թվականի հունիսին աքսորվեց Ալթայի երկրամաս։ Մինչև իր մահը չկարողացավ ճշտել, թե ո՞ր մեղքի համար աքսորեցին։

ԱՌՅՈՒԾ ԳԵՂԱՄԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

1916 թվականի փետրվարին ծնվեց Մաթեյ Գեղամի առաջնեկը և կոչեցին Առյուծ։ Հայրենի գյուղում ստացավ տարրական կրթություն։ Արհեստ սովորելու ակնկալիքով մեկնեց Բաքու։ Աշխատեց որպես հորատող։ 1937-ին զորակոչվեց։ Ծառայում էր Բաքվում։ Ավագ սերժանտի կոչումով զորացրվեց։ Աշխատանքի անցավ Սևանի կապի հանգույցում որպես հատուկ բաժնի պետ։ 1941-ի սեպտեմբերին կամավոր մեկնեց բանակ։ Ծառայեց էջմիածնի 670-րդ գնդում։ 1942թ. սեպտեմբերին Հայկական 408-րդ դիվիզիայի կազմում մեկնեց ռազմաճակատ։ Կռվում էր Գելենջիկի և Տուափսեի շրջաններում։

1942-ի նոյեմբերի 21-ին, ծանր մարտում վիրավորվում է, զրկվում ձախ ձեռքից։ 1943-ի փետրվարին զորացվում է որպես երկրորդ խմբի հաշմանդամ։