Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եռամյա է, երկսեռ, տեղավորված է մեկ սենյակում։ Ուսուցիչն է Սենեքերիմ Մովսիսյանը, ունի թեմական կրթություն, պարապում է 24 ժամ, 3 տարվա փորձառություն, ռոճիկը՝ 325 ռ.։ Աշակերտների թիվը 55, որից 6-ը օրիորդներ են։ Դպրոցը չունի գրադարան, ուսումնական պիտույքներ։ Գյուղն ունի 350 տուն։ Ընդհանրապես գոհ մնացի ուսուցումից»։

ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 48, ցուցակ 1, գործ 430

Դպրոցի հոգաբարձուներ են եղել Մկրտիչ Թադևոսյանը (նախա¬ գահ), Եգոր Կարապետյանը, Սահակ քահանա Տեր-Իսահակյանը, Երեմ Թադևոսյանը (անդամներ)։

1919-ին դպրոցական մեկ ուրիշ տեսուչ (անուն, ազգանուն չի նշված, կա միայն ստորագրությունը) գրում է. «Այցելեցի դպրոց, ուսուցիչն է Սենեքերիմ Մովսիսյանը, որն ավարտել է Երևանի թեմական դպրոցը։ Ունի երեք տարվա փորձառություն։ Առաջին տարին է սույն դպրոցում։ Աշակերտների թիվը 55, որից 6-ը՝ օրիորդներ։ Դպրոցում սովորում է մեկ գաղթական աղջին։ Դասասենյակները վարձու են, անհարմար, կահավորանքը՝ անդուրեկան, անբավարար»։

Գյուղում եղել է մեկ կրթօջախ ևս. Տիժոյենց տերտերը՝ Տեր-Նիկոլը, իր փոքրիկ սենյակում, հողածածկ հատակին ծալապատիկ նստած մի քանի երեխայի գրել-կարդալ է սովորեցրել։

1928 թվականին կառուցվում է ժամանակավոր, չորս փոքր սենյակից բաղկացած դպրոցական շենք, գյուղի կենտրոնում, հանրախանութի տեղում։ Պահպանում են նաև երկու վարձու սենյակ՝ Թաթոսի Մկրտիչի տանը, Առյուծ Մանուկյանի այժմյան բնակարանի տեղում։ Դպրոցը յոթնամյա էր։ Պարապմունքները տարել են երկհերթ։

1932-ին պետական միջոցներով և գյուղացիների օգնությամբ սկսվեց դպրոցական նոր շենքի շինարարությանը (գործվածքային ֆաբրիկայի տեղում)։ Շինաքարը գյուղացիների սայլերով բերվեց Շադիբուլախ կոչվող քարհանքից (Ֆանտան գյուղի մոտ)։ Շինարարությունն ավարտվեց և շենքը շահագործման հանձնվեց 1936-37 ուսումնական տարվա առաջին օրը։

Շենքը հարմարավետ էր, բազմաթիվ լուսավոր սենյակներով, դահլիճով (կար նաև անշարժ բեմ), գույքով և լաբորատոր սարքավորումներով։ Հանրապետության լուսավորության նախարարության որոշմամբ, նույն ուսումնական տարում էլ դպրոցը վերածվեց միջնակարգի։ Դպրոցի տնօրեն նշանակվեց Մեղրաձոր գյուղից տեղափոխված Ռաֆիկ Մարկոսյանը։ Նրա կինը՝ Աշխեն Դավթյանը, տարրական դասարանների ուսուցչուհի էր։ Երկու տարի աշխատելուց հետո նրանց ընտանիքը