Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գնացքը օրորվում էր։ Կուպեում երկուսն էին՝ մի աղջնակ ու բարձրահասակ, թիկնեղ մի գեներալ։

Աղջիկը տխուր էր։

— Ես քեզ չեմ կարող թողնել Երևանում։ Աղջիկս, հիշիր որ ես պատասխանատվություն եմ կրում խղճիս առաջ։ Ավելի լավ կլիներ, եթե մնայիր Թիֆլիսում։

— Ոչինչ։ Չեմ կորչի։ Ի վերջո սա է իմ հայրենիքը։ Ինձ կհասկանան, աշխատանք կտան։

— Բայց դու առաջին անգամ ես ոտք դնում քո հայրենիքը։

— Գիտեմ։ Կմնամ այստեղ։ Այլևս ոչ մի տեղ չեմ գնա։

Լիզան որբ էր։ Բարեգործական մի կազմակերպության աջակցությամբ սովորել և ավարտել էր Թիֆլիսի օրիորդաց գիմնազիան։ Գեներալը, ինչ-ինչ միսիայով, երկար ժամանակով ծառայության էր մեկնում Պարսկաստան։ Նա գիմնազիայի տնօրենին խնդրեց, որ լավագույն սաներից մեկին համոզի լինել իր երկու փոքրահասակ աղջիկների դաստիրակչուհին։ Տնօրենն ուրախությամբ ներկայացրեց Լիզային։ Համաձայնության եկան։ Սակայն աղջկա հոգին ասես փոթորկվեց, երբ գնացքը մտավ Հայաստանի հողը։ Գուցե, իրոք ճշմարիտ է առասպելը, հայրենի հողը ուժ է ներարկում մարդուն։ Լիզան ասես վերածնվեց։ Խնդրեց գեներալին, որ իրեն թույլ տա մնալ Հայաստանում։

— Անհայտության մեջ կկորչես, աղջիկս, — կրկնում էր գեներալը։ Աղջիկը համառեց... իջավ Երևանի կայարանում։ Հարց ու փորձով գտավ լուսավորության նախարարությունը։ Նրան ընդունեց մի կիսաճաղատ, նիհար տեսուչ։

— Հը, Ի՞նչ կա, սիրուն աղջիկ։

— Ուզում եմ ուսուցչուհի աշխատել։ Տեսուչը շփոթվեց.

— Իսկ դու գրագիտություն ունե՞ս։

— Այո։ Ավարտել եմ գիմնազիան։ Կարող եմ խոսել հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն։

Լիզայի գեղեցկությունը, նրանից ճառագող հմայքը գերեց տեսուչին։ Նրան ուղեկցեց նախարարի մոտ, թեև դրա կարիքը չկար։ Օրիորդը ցանկություն հայտնեց աշխատել գյուղում։ Նրան ուղարկեցին Դդմաշեն։

Գյուղում տարածվեց, որ եռամյա դպրոցի ուսուցչուհի է նշանակվել մի գեղանի աղջիկ, որին վարձու բնակարան է հարկավոր։ Ճարվեց։ 1923-ին բանակից զորացրվեց Դանիել Բաղդասարյանը։ Լիզային