սափորն ու կճուճը, տուլալին ու մանգաղը, սանդերքն ու ճախարակը, կուժն ու կաթի տաշտը, խնոցին ու տաշտաքերը, խմոր հունցելու տաշտը, ձիթաճրագն ու աղամանը, կալատախտակն ու ջովը, շերբիկն ու ջեջիմը, ճլե և ջովե խսիրը, փալասն ու լուլկեն, շատ ու շատ մասունքներ։ Նայում ենք ու զարմանում, հարգանք ու պատիվ թանգարան ստեղծողներին։
ՇՆՈՐՀԱԼԻ ՏՆՕՐԵՆՆԵՐ
Մշակույթի նոր օջախի տնօրեն է աշխատել Գնել Ենոքյանը, մի շնորհալի երիտասարդ, լավ երգող ու ակորդեոն նվագող։ Գնելի աշխատած տարիներին մշակույթի տանը գործել է երգչախումբ, որը 1986-ին արժանացավ ժողովրդական կոչման։
1991-ից մինչև օրս Վահագն Ոսկանյանն է տնօրինում կուլտուրայի օջախը։ Նրանց ղեկավարությամբ, գյուղի երիտասարդության ուժերով, կազմակերպվել են մի շարք միջոցառումներ։ Թվարկված բոլոր տնօրեններն էլ աչքի են ընկել իրենց գործիմացությամբ ու բարեխղճությամբ։ Բայց ափսոս այդ հոյակերտ շենքը «տեր» չունի։ Անձրևաջրերը ավերում են պատերը, եթե այդպես շարունակվի՝ շենքը փլատակների կվերածվի։
ԱՐՎԵՍՏԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
(Դափաչու Թաթոյի թոռները)
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՈՒՐԵՆԻ
Ծնվել է 1950թ., Երևանում։
Ավարտել է Երևանի Փ. Թերլեմեգյանի անվան նկարչական ուսումնարանը, 1970 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ 1976թ. ավարտելով ինստիտուտը, անցնում է ստեղծագործական աշխատանքի։ Մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին։ Հայաստանի նկարիչների միության անդամ է 1982-ից։ 1985 թվականին, ճապոնիայում բացված միջազգային ցուցահանդեսում, արժանացել է մրցանակի։
1993թ. անհատական ցուցահանդեսներ է բացել Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում։ Նրան ընդունել են Ֆրանսիայի Պոլուստրուկուալիստ նարիչների միության անդամ։