Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ ԻԱ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՊԱՐՍԻՑ

ՇԱՊՈՒՀ ԹԱԳԱՎՈՐԻ ԵՎ ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԻՋԵՎ.

ԵՎ ԻՆՉՊԵՍ. ՀԱՂԹԵՑ ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԸ:

Հայոց Արշակ թագավորի՝ Պարսից Շապուհ թագավորից փախչելուց գնալուց հետո Պարսից թագավորը ութ տարի լուռ մնաց, թշնամություն չէր անում, այլ շարունակ քաղցրությամբ խոսում և աղաչում էր Հայոց Արշակ թագավորին՝ սիրով ու հաշտ ապրել իր հետ խաղաղության դաշինքով։ Որովհետև Պարսից թագավորն այս ժամանակ մեծ վտանգի ու տագնապի մեջ էր, Հունաց թագավորների կողմից հաճախակի տեղի ունեցած անարդար պատերազմների պատճառով։ Իսկ Հայոց Արշակ թագավորը ամենևին չկամեցավ նրան լսել, ո՛չ նրա մոտ գնալ, ո՛չ պատվիրակներ ուղարկել, ոչ մի նվեր կամ ընծա ուղարկել, բոլորովին չկամեցավ նրան մոտենալ, անունն անգամ չէր ուզում լսել։ Իսկ Պարսից թագավորը նրան հաճախակի նվերներ, պատվիրակներ էր ուղարկում և ինքը եռանդով կռվում էր Հունաց թագավորների հետ։

Երբ խաղաղություն հաստատվեց Հունաց թագավորների և Պարսից Շապուհ թագավորի միջև, Հունաց թագավորը դաշնագրի թուղթ դրեց ու կնքեց, տվեց Պարսից թագավորին, որի մեջ գրված էր այսպես. «Քեզ եմ տալիս Մծբինը, որ Արվաստանում է գտնվում, և Ասորոց Միջագետքը. Հայաստանի ներքին նահանգներից էլ ձեռք եմ քաշում. եթե կարող ես, նրանց հաղթի՛ր և քո իշխանության տակ նվաճի՛ր, ես նրանց օգնության չեմ գա»։ Այսպես ուրեմն, Հունաց թագավորը նեղն է ընկնում ու ճարահատյալ այսպիսի դաշնագիր է կնքում և ուղարկում Պարսից թագավորին և այս կերպով ազատվում է նրանից։

Արդ՝ երբ խաղաղություն հաստատվեց Հունաց թագավորի և Պարսից թագավորի միջև, այնուհետև Պարսից Շապուհ թագավորը կազմակերպեց իր զորքերը և պատերազմով եկավ Հայոց Արշակ թագավորի վրա։ Հայոց թագավորների սահմանապահները, որ նստած էին Ատրպատակա-