Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կնիկարմատ է, թե մի բան արել է, էլի նա է արել. բայց հերը ոչինչ բանում չի խառնվել…

- Ես էլ էնենց իմ իմացի, վուր շատ խելոք դեդա ունե, կոսե Օսանեն:

— Ես նկատել եմ, տեր հայր, որ գեղի կնանիքը ավելի շատ բան են շինում, քան թե տղամարդիկը. բայց ինչ որ Հռիփսիմեն է անում, հարյուրից մեկը կարող չէ անել: Քանի անգամ ես նրանց տանը պատահել եմ, շաբթով, ամսով կացել եմ, մի րոպե ես նրան պարապ չեմ տեսել: Մի բան մանավանդ, որ աչքովս է ընկել, ես շատ եմ հավանել, իբրև նրանց անընդհատ աշխատության մի օրինակ, որ, իհարկե, դու էլ կլինես նկատած, բայց քեզ զգալի չի լինիլ եղած… Կուժը շալակած ջուրը գնալիս՝ ձեռքները չեն ուզում պարապ թողնել, գուլպա գործելով են գնում: Կամ երբ որ աղբյուրի նոբաթը ուշ է հասնում իրանց, նրանք պարապ ու անգործ չեն կանգնում, էդ միջոցին էլ կամ գուլպա են գործում, կամ իլիկ մանում: Գյուղերումը առհասարակ ծույլ տղամարդիկ խիստ շատ կան, բայց ծույլ կնիկարմատ շատ հազիվ կպատահի: Խոսքս մասնավորցնեմ Արությունի մոր վերա, որ մեր Սոփիոն իմանա, թե նա ինչ է անում:

Մանդր երեխանց տեր, աղջկակոխ էլած, հիմի արի նրանց շորերը կարիր, կարկատիր, լվա, թափ տուր, հագցրու, տունը սրբիր, տեղերը գցիր, հավաքիր, օրը երկու թոնիր հաց թխիր, կուժն ուսիդ դիր, գնա հեռու գետիցը հինգ վեց անգամ ջուր բեր, կերակուրն եփիր, մշակներին, հյուրերին հաց տուր, տանցոց գլխները շաբաթը մեկ անգամ լվա, երեխանցը լողացրու շալակով բերած ջրովդ, մարդի ոտներն ամեն իրիկուն լվա, տրխնին հանիր: Հիմի արի աղջկերանցդ համար բաժինք շինիր, չվալ, խալիչա, կարպետ, խուրջին, մափռաշ, աղաքսակ, մեզար, ջեջիմ, ղջարի գործիր, նոքարի ու տղերանց համար՝ հորագործ շալ ու շալվար գործիր, մարդի համար՝ տափագործ. ներկիր, կարիր, հագցրու… Հիմա արի ճիճու պահիր, աբրեշում քաշիր, քեզ համար ու աղջկերանցդ համար աբրեշումե դերիացու գործիր, տղերանց համար շապկացու, գոտկացու… Հիմի արի կովերը կթիր, հորթերը կապոտիր, դուրս արա, օրը մեկ-երկու խնոցի հարիր, եղը հալիր… Հիմի կալի-կուտի ժամանակ է, գնա արեգակի տակին, երեխեն ձեռիդ, կանգնիր, կամը քշիր, եղիր, հաշան արա, քամելուն օգտիր, կալը սրբիր, պաճն ավլով քաշիր, քոչալն իստկիր, ցորենը շատարարի, աղունի