Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձյալ մի շատ սիրուն աղջիկ. վերջապես մեր հազարապետի Վարսենիկն ի՞նչ պակաս աղջիկ է,— մեր աչքի առջև մեծացած, մեր ձեռքով կրթված…

— Մայր, ես արդեն ասացի, որ պիտի երթամ վանք, բայց եթե դուք ուզում եք, որ ես անպատճառ ամուսնանամ, ապա գիտացեք, որ իմ ուզածը միայն Անահիտն է…

Այս ասաց Վաչագանը և ամոթից կարմրելով վազեց դեպի պարտեզ, ինչպես մի ծանր բեռնից ազատված փախստական գերի…

Բ

Վաչագանի քսան տարին նոր էր լրացել։ Նա երկայնացել էր իրանց պարտեզի բարդիների նման, բայց շատ քնքուշ, դժգույն և վատառողջ էր։ Մանկությունից կրոնական կրթություն ստանալով մեծն Մեսրոպի աշակերտների մոտ, մտադիր էր իր վարդապետների օրինակին հետևել—քաշվել մի վանք, աշակերտներ պատրաստել և քարոզության նվիրվիլ։ Բայց նրա այդ ձգտումը հակառակ էր իր ծնողաց կամքին, ըստ որում ինքն էր նրանց միակ զավակը, ինքն էր Աղվանից թագավորության միակ ժառանգը։

«Որդյակ իմ Վաչագան,— ասում էր հայրը շատ անգամ,— դու գիտես, որ իմ հույսը միայն դու ես, դո՛ւ պետք է մեր տան ճրագը վառ պահես, մեր օջախի հիշատակը՝ կենդանի։ Պետք է ուրեմն ամուսնանաս, ինչպես որ աշխարհիս օրենքն է»։

Որդին միայն կարմրում էր հոր այդ առաջարկությունը լսելիս և չէր իմանում ի՞նչ պատասխան տա, ըստ որում ամուսնության վրա նա չէր մտածել և չէր էլ ուզում մտածել։ Բայց հայրը նրան հանգիստ չէր տալիս և նույն առաջարկությունը, ավելի գրավիչ խոսքերով՝ նա անում էր շաբաթը մի քանի անգամ։ Հոր այդ ստիպմունքներից ազատ մնալու և նրան ուշ-ուշ տեսնելու համար ինքն իրան որսորդության տվավ Վաչագանը, թեև զբոսասեր չէր, այլ ավելի սիրում էր շարունակ տանը նստել և կարդալ։ Այնուհետև առավոտները վեր էր կենում շատ վաղ և ընկնում սար ու ձոր և երեկոները շատ ուշ ետ դառնում։ Երբեմն երեք չորս օրով ուշանում էր և ծնողացը տարակուսության մեջ ձգում։ Շատ իշխանների որդիք ուզում էին նրան ընկերանա, և նրա հետ միասին ման գալ,