Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մեր ասածի մեջ սուտ չկա, չէ՞ որ պիտի ստուգեք։

— Իհարկե, ես շուտով կիմանամ, թե որքան ճշմարիտ է ձեր ասածը. հիմա ասացեք, ի՞նչ նյութեղեն և գործիքներ են հարկավոր, որ ես բերեմ։

Վաչագանը հայտնեց մի առ մի, թե ինչ ու ինչ է հարկավոր։ Մի քանի ժամից հետո ամեն ինչ պատրաստ էր։ Քուրմը պատվիրեց, որ երթան արհեստատունը, այնտեղ աշխատեն և նրանց հետ կերակրվին։

— Այնտեղ մեր գործը լավ չի հաջողիլ, — ասաց Վաչագանը։ — Մեզ հարկավոր է ջոկ և ընդարձակ տեղ, և այս տեղը ամենից հարմար է։ Մեր գործի նրբությունը պահանջում է առատ լույս, աղոտ լույսի տակ ոչինչ չենք կարող կատարել, իսկ ինչ վերաբերում է մեր կերակուրին, պետք է գիտենաք, որ մենք մսակեր չենք, սովոր չենք այդ կերակուրին, հենց որ միս ուտենք, իսկույն կմեռնինք, և դուք կզրկվիք այն մեծ օգուտից, որ մեզանից կարող եք ստանալ։ ճշմարիտն եմ ասում, որ մեր գործի մի քաշը հարյուր քաշ ոսկի կարժե…

— Շատ լավ,— ասաց քուրմը,— ես ձեզ համար կուղարկեմ հաց և բուսեղեն կերակուր, դուք կունենաք և առատ լույս, բայց եթե ձեր գործը այնպես չլինի, ինչպես խոստանում եք, ես ձեզ ամենիդ սպանդանոց կուղարկեմ, և սպանելուց առաջ՝ ենթարկել կտամ չարաչար տանջանքների։

— Մեր ասածի մեջ ոչինչ սուտ չկա. եթե ուզում եք մեր խոստացած շահն ստանալ, պետք է միայն կատարեք մեր ուզածը։

Քուրմը կատարեց իր խոստումը։ Նրանց համար ուղարկում էր սպիտակ հաց, կանաչեղեն, կաթ, մածուն, պանիր և զանազան չոր ու թարմ մրգեր։ Վաղինակն էլ մասնակցեց այդ սնունդին, մյուսներին էլ նշխարքի պես բաժանում էին ծածկաբար սպիտակ հացից, հաղորդության տեղ էր բռնում և կենաց հացի պես կենդանություն տալիս նրանց։ Վաղինակը նոր սնունդի ազդեցությունով հետզհետե կազդուրվեց և կենդանի մարդու կերպարանք առավ։ Վաչագանն սկսեց իր գործը և իր ընկերներին էլ իրան օգնական շինեց։ Կարճ միջոցում պատրաստեց մի կտոր շատ պատվական դիպակ այնպիսի նախշերով, որոնց եթե ուշադրությամբ զննեին և իմանային նրանց խորհուրդը, նույն դժոխքի պատմությունը պիտի կարդային նրանց մեջ։

Քուրմը եկավ, տեսավ պատրաստած դիպակը և մնաց հիացած: