Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առջև երկարումեկ ձգվում է մի մեծ, շատ մեծ դաշտ։ Էլ ոչ մի սար, ոչ մի բլուր, ոչ մի քար—այլ հարթ, հավասար դաշտ, բայց ի՞նչ դաշտ. աստծու ամենայն բարությունովը լիքը։ Այն ժամանակվա մարդիկն էլ հենց այդպիսի մի տեղ էին փնտրում, որ ոչ վարեն, ոչ մրսեն, բայց ամեն ինչ ուտեն։


Այս նոր երկրի համբավը տարածվում է ամեն տեղ։ Ամեն տեղից մարդիկ են գնում, որ տեսնեն՝ ճշմարիտ այնպե՞ս է, ինչպես որ պատմում են. և երբ որ ստուգում են, գալիս են իրանց տունը տեղը քոչացնում, չվում նոր երկիրը։


Այդ ժամանակները մեր պապ Հայկը այստեղ է լինում կենալիս։ Նա տեղիցը չի շարժվում, բայց գնացող, եկողները այնպես բաներ են պատմում, որ նա էլ է ցանկանում գնալ։ Ասում են՝ «Այնպիսի երկիր է, որ լեզվով պատմել չի լինիլ։ Ամենայն տարի Եփրատն ու Տիգրիսը այնպես հորդանում, վարարում են, որ ափերիցը դուրս են գալիս և ջրում ամբողջ դաշտը։ Երբ որ ետ են քաշվում, սերմը գցում են նրանց թողած ցեխի վրա. էլ ոչ ներկել, ոչ ցաքանել, բայց արտ է դառնում, որ զարմանալի։ Ցողուններն այնքան բարձրանում են, որ ուղտը միջին չի երևում. տերևները թաթի պես լայն֊լայն, հասկերը կռան չափ հաստ, երկու թզաչափ երկայն, մեջներին մինչև հարյուր, երկու հարյուր, երեք հարյուր հատիկ։ Մեկ չափ ցանողը երեք հարյուր չափ է վերցնում։ Ցանելու տեղն էլ այնքան շատ է, որ ինչքան կուզես՝ ցանիր։ Ուրիշ էլ ինչ պտղեղենով, ինչ արմտիքով ասես՝ լիքն է։ Հաղողի ճութերը այնքան մեծ-մեծ են, որ հեռվից նայողը կարծում է, թե սև֊սև գոմեշներ են նստոտած վազան տակերին. ծիրանը մեր դեզձիցը խոշոր, նուռը մեր ձմերուկի չափ, բայց էլի այնպես պտուղներ կան, որոնցից մեր երկրումը չըկան»։


Ահա այս ամենը որ լսում է մեր պապ Հայկը՝ ինքն էլ է ուզում գնալ։ Հավաքում է իր որդկերանցը և եղբայրներին, հայտնում է նրանց իր միտքը։ Եղբայրները չեն հոժարում, ասում են՝ ինչո՞ւ թողնենք մեր երկիրը, մեր հողը, մեր ջուրը, մեր ծաղկապատ լեռները, մեր անմահական աղբյուրները, վերջապես, մեր հորն ու մոր, մեր նախնյաց սուրբ գերեզմանները։


Հայկն ասում է՝ «Այդ շատ լավ եք ասում։ Դուք մնացեք այստեղ. այստեղ ապրեցեք, մեր երկիրը պահպանեցեք, իսկ ինձ թույլ տվեք գնամ, տեսնեմ այդ մարդիկն ո՞ւր են այդպես հեզեպր պես թափված գնում կամ ի՞նչ են շինում այնտեղ: Ես մեր երկրիցը